Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոստիկանական համազգեստի մեջ կինը պետք է չկորցնի իր կանացիությունը»

Նոյեմբեր 26,2014 14:00

Ապագա ոստիկանը՝ իր մասնագիտության մասին

«Անկախ նրանից՝ ոստիկանը կին է, թե տղամարդ, նա պետք է լինի կարգապահ, զգոն, ունենա մասնագիտական պատրաստվածություն»,- ոստիկանի կերպարի մասին իր վերաբերմունքն ունի 25-ամյա Հելինեն, որն իր երկրորդ մասնագիտությունն է ստանում ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնում` սովորելով «Ոստիկանական գործ» բաժնում: Հելինե Փանոսյանը, մինչ ուսումնական կենտրոն ընդունվելը, ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը, ստանալով իր առաջին մասնագիտությունը՝ տեխնոլոգ, այնուհետեւ, ինչպես ինքն է ասում, ճակատագրի բերումով հայտնվել ուսումնական կենտրոնում: «Ակադեմիայում օրվա սկիզբը կտրուկ տարբերվում է այլ ուսումնական հաստատությունների օրվա մեկնարկից»,- ասում է մեր զրուցակիցը: Այդ տարբերությունը Հելինեին դուր է գալիս, հատկապես` շարային երթը: «Դասակում զավեշտալի դեպքերն ամեն օր են, բայց դա չի խանգարում դասերին»,- նշում է նա:

Ապագա ոստիկանը համամիտ չէ, որ ոստիկանի աշխատանքը կնոջ համար չէ. «Մեր օրերում կնոջ եւ տղամարդու մասնագիտությունների միջեւ կարծես թե տարբերություն չկա»: Հելինեն սիրում է ոստիկանի մասնագիտությունը, ասում է. «Եթե մի բան սիրով ես անում, ուրեմն ոչ մի դժվարություն չի լինում»: Ապագա ոստիկանին օրվա խիստ գրաֆիկից հետո շատ ժամանակ չի մնում նախասիրություններով զբաղվելու համար: «Եթե ազատ ժամանակ ունենում եմ, մեծ սիրով նվիրում եմ նորաստեղծ ընտանիքիս, ուսումնասիրում մասնագիտական գրականություն եւ օրենքներ»,- հավելում է նա: Ինչպես բոլորը, այնպես էլ նա սկզբնական շրջանում անհարմարություններ ունեցել է ոստիկանական համազգեստը հագնելիս, բայց հիմա սիրով է հագնում, ասում է` պարտավորեցնող է ու ընդգծում է. «Ուզում եմ ոստիկանական համազգեստի մեջ կինը երբեք չկորցնի իր կանացիությունն ու նրբությունը»: Ըստ նրա, ոստիկանների թվի ավելացումը բարձրացնում է ոստիկանի նկատմամբ քաղաքացիների հավատն ու վստահությունը:

ԱՆԺԵԼԱ ՔԱՐԱՓՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930