«Դու մարդու` կենդանի կտավի վրա ես նկարում, մարմնի վրա, որն անընդհատ շնչում է»,- բոդի արթի գաղտնիքների ու դժվարության մասին խոսելիս` պատմում է 23-ամյա նկարչուհի Աննա Մարտիրոսյանը: Նկարչության այս յուրօրինակ ոճով Աննան զբաղվում է արդեն մի քանի տարի: «Սկզբում հայելու առաջ ինքս ինձ էի նկարում, դեմքիս տարբեր կենդանիներ, շներ պատկերում, հետո անցա մայրիկիս, նրան էլ առաջին անգամ վագր էի սարքել, հարեւանը մտավ տուն` ահավոր վախեցավ»,- ժպտալով հիշում է Աննան:
Բոդի արթը հնագույն արվեստ է, քարի դարում էլ են մարդիկ զարդարել իրենց մարմինները, հիմա էլ եթովպական ցեղերը իրենց մարմինները շարունակում են զարդարել կավի կամ այլ նյութերի միջոցով: Բոդի արթը նկարչության անկախ ճյուղ դարձավ 1960 -ականներին, երբ Եվրոպան գեղագիտական հեղափոխություն էր ապրում, միօրինակությունից ազատվելու համար նկարիչները փնտրում էին նոր տարբերակներ՝ իրենց մտքերն արտահայտելու համար, եւ հենց այդ շրջանում էլ նրանք որոշեցին նկարել հենց մարդու մարմնի` կենդանի կտավի վրա:
Հավելենք, որ Աննան զբաղվում է նաեւ հնդկական մեհենդի արվեստով՝ զարդանախշեր հինայի միջոցով: Դա հնագույն ժամանակներից է եկել, ոմանց կարծիքով՝ մեհենդին ծնունդ է առել Եգիպտոսում, կա վարկած, որ Հնդկաստանն է մեհենդի արվեստի հայրենիքը: «Մեհենդի անում են հինայի միջոցով, այն բավականին բարդ տեխնիկա է պահանջում: Կանայք հարսանիքից առաջ ներկում էին իրենց ձեռքերը հինայով՝ այդկերպ ազատվելով տնային գործերից, իսկ հինայի մյուս մասը հողի մեջ էին թաղում: Հնդիկները հավատում էին, որ այդպիսով պահպանում են սերը», – նշում է Աննան, ավելացնելով, որ ի տարբերություն բոդի արթի մյուս տեսակների` դաջվածքների եւ փիրսինգի, նկարելու ժամանակ օգտագործվող հակաալերգիկ ներկերը մնում են ընդամենը մի քանի օր կամ մի քանի շաբաթ եւ չեն վնասում մաշկը:
ՆԵԼԼԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.11.2014