Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ բոլոր ընտրությունները միասին վերցրած՝ ավելի արդար են, քան ցանկացած առցանց քվեարկություն»

Նոյեմբեր 26,2014 13:00

ՏՏ մասնագետ Էդգար Մարուքյանը՝ առցանց քվեարկությունների մասին

Մոդայիկ դարձած առցանց քվեարկություններն ու մրցույթներն այսօր ակտուալ են, ինչը նաեւ հեշտ է, ավելորդ ժամանակ ու ջանքեր չի պահանջում՝ որեւէ մեկին լավություն անելու համար, եթե պիտի հաղթի առավելագույն ձայներ հավաքելու շնորհիվ:

Պարբերաբար կազմակերպվում են առցանց մրցույթներ, մրցանակաբաշխություններ, որոնցից էր նաեւ վերջերս կազմակերպվածը՝ ԱՍ մրցանակաբաշխությունը: Վերջինիս միջոցով լավագույնի տիտղոսին էին արժանանում քաղաքական, հասարակական գործիչները, լրագրողները եւ այլք:

Ոմանք անվերապահորեն հավատում են իրենց հաղթանակին՝ կարծելով, որ այս կերպ պահպանվում է անաչառությունը, մինչդեռ մասնագետն այլ բան է ասում: «Առավոտի»հետ զրույցում ՏՏ մասնագետ, Peyotto Technologies ընկերության հիմնադիր Էդգար Մարուքյանը պատասխանեց մեր հարցերին՝ անդրադառնալով նմանատիպ մրցույթների մեխանիզմներին:

– Ի՞նչ է իրենից ներկայացնում առցանց քվեարկությունը:

– Դա, որպես կանոն, վեբկայքերի մեջ տեղադրվող քվեարկության ծրագիր է, որը թույլ է տալիս այցելուներին անանուն մասնակցել քվեարկությանը:

– Հնարավո՞ր է նախատեսվածից շատ ձայն հավաքել՝ կեղծելով քվեարկության արդյունքները:

– Այո, հնարավոր է, քանի որ ցանկացած ստուգման եղանակ կարելի է շրջանցել:

– Դժվար չէ՞ արդյոք կեղծելու մեխանիզմը:

– Դա կախված է ներդրված ստուգումների բարդությունից: Բայց պետք է նշեմ, որ չկա որեւէ ստուգում, որն անհնար լինի շրջանցել: Որոշ քվեարկություններ հեշտությամբ կեղծվում են նաեւ փոքր-ինչ տեղեկացված օգտատերերի կողմից:

– Եթե մեկ համակարգչից մեկ օրվա ընթացքում հնարավոր է քվեարկել մեկ անգամ, ապա ինչպե՞ս է լինում, որ նույն համակարգչից այդ մեկ օրվա ընթացքում քվեարկվում է հարյուրներով:

– Դա շատ հեշտ է, պետք է ընդամենը ջնջել ձեր զննիչի (browser) cookie-երը եւ նորից մուտք գործել կայք:

– Առցանց քվեարկություններում շատ ձայներ հավաքելու, կեղծարարություն անելու համար մասնագետ լինելը պարտադի՞ր է…

– Ինչպես արդեն նշեցի, դա կախված է քվեարկության տեսակից: Որպես կանոն, պոլիտեխնիկի ցանկացած ուսանողի գիտելիքները բավարար են նման բան կատարելու համար:

– Վերջերս կազմակերպված նմանատիպ մրցույթի կայքում ասվում էր, որ ստուգվելու են հավաքված ձայները, ու պարզելու են, թե դրանցից որոնք են կեղծ: Հնարավո՞ր է նման բան, այսինքն՝ ինչպե՞ս է տարբերվում կեղծն իրականից:

– Ստուգել ամբողջությամբ հնարավոր չէ, քանի որ, այնուամենայնիվ, քվեարկությունը անանուն է: Քվեարկության թվերի աճման արագությանն ու արդյունքներին նայելով՝ հստակ կարելի է պնդել՝ տվյալ քվեարկությունը կեղծվա՞ծ է, թե՞ ոչ, բայց հստակ տարանջատել կեղծված ու իրական մասերը՝ գրեթե անհնար է: Իսկ եթե հստակ տարանջատել հնարավոր չէ, ապա եւ ամբողջ քվեարկությունն է դառնում կասկածելի:

Վերջերս կատակով նշեցի, որ ՀՀ բոլոր ընտրությունները միասին վերցրած՝ ավելի արդար են, քան ցանկացած առցանց քվեարկություն: Ու ընկերոջս հարցին, թե ինչպե՞ս կհիմնավորես, ասացի, որ իրական կյանքում մարդիկ գոնե քվեարկում են անձնագրով, ըստ ցուցակների եւ դիտորդների ներկայությամբ, իսկ առցանց քվեարկության դեպքում այդ ամենն, իհարկե, չկա: Այդ պատճառով էլ ես միշտ հորդորում եմ մեր լրատվական կայքերի պատասխանատուներին, որ լուրջ թեմաներով, մասնավորապես՝ քաղաքական, առցանց քվեարկություն չկազմակերպեն, քանի որ պրակտիկան ցույց է տալիս, որ դրանք բոլորն ի վերջո կեղծվում են եւ վերջում հայտարարվում չեղյալ: Նման կասկածելի քվեարկությունները կարող են շատ լուրջ հետեւանքներ ունենալ քաղաքական կյանքում: Վերջերս մի շատ վարկաբեկված նախկին պաշտոնյա եթերում մեջբերեց մի առցանց քվեարկության արդյունքներ, ըստ որի՝ ինքը հարյուր հազարավոր համախոհներ ունի…

– Քվեարկության ստուգման եղանակներ կա՞ն:

– Ստուգելու մի տարբերակն էլ այն է, որ քվեարկությունը կատարվում է սոցցանցերում ունեցած ձեր հաշիվների (օրինակ՝ Facebook account-ի) հիման վրա ու թույլ չի տալիս մի հաշվից մի քանի անգամ քվեարկել: Բայց սա էլ չի ապահովում արդարություն եւ կեղծիքից պաշտպանվածություն, քանի որ կան մարդիկ, ովքեր տասնյակ եւ հարյուրավոր կեղծ հաշիվներ ունեն բացած Facebook-ում եւ կարող են օգտագործել այդ ֆեյքերի բանակը՝ քվեարկության արդյունքը կեղծելու համար:

Զրուցեց
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
25.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930