Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեղեցին փոքրիկ պատուհանն է դեպի տիեզերք». Տեղի ունեցավ «Իմ Աստծուն փնտրելիս» ֆիլմի շնորհանդեսը»

Նոյեմբեր 25,2014 21:37

«Մոսկվա» կինոթատրոնում այսօր՝ նոյեմբերի 25-ին, տեղի ունեցավ ռեժիսոր Լուսինե Գեւորգյանի «Իմ Աստծուն փնտրելիս» ֆիլմի շնորհանդեսը:

Ֆիլմի նկարահանումները տեւել են երեք տարի, այն նկարահանվել է ինչպես Հայաստանի սրբավայրերում, այնպես էլ Երուսաղեմում եւ Բեթղեհեմում: Ֆիլմը  նկարահանված է ճամփորդական նոթերի ոճով:

Ֆիլմի հեղինակ Լուսինե Գեւորգյանի լրագրողների հետ զրույցում նշեց, որ ֆիլմն իր անձնական պատմությունն է. «Մի քանի դար առաջ իմ նախապապը գնացել է Երուսաղեմ, ես էլ համարում եմ, որ իմ գեների մեջ դա կար, եւ ես հայտնվեցի Երուսաղեմում: Մի տարիք է գալիս, որ քո մեջ բողբոջում է այդ սերմը, որը դրված էր վեց պորտ վերեւ, մեկ էլ դու զգում ես, որ Երուսաղեմի կարիք ունես, դու պետք է գնաս այնտեղ, ուրիշ տարբերակ չկա: Քո հարցերին կպատասխանի ոչ թե հոգեվերլուծողը կամ սուպեր մի բժիշկ, այլ հենց հոգեւորականը»:

Լուսինե Գեւորգյանն ասաց, որ երեք տարի առաջ հենց եկեղեցում է հասկացել, որ ասելիք ունի, սակայն բավարար միջոցներ չի ունեցել. «1.5 տարի առաջ պարզվեց, որ ես առողջական շատ լուրջ խնդիր ունեմ, լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը հանգանակություն կազմակերպեց, 100 դոլար իրենք հավաքեցին, մնացած 1150-ն էլ տվեցին կարգին մարդիկ: Փոքր ֆոտոխցիկ գնեցի եւ օգոստոսից սկսեցի նկարել իմ ֆիլմը»:

Սկզբում նկարահանումները կատարվել են Հայաստանի սրբավայրերում, սակայն այդ ընթացքում հավատացյալներից մեկը օգնել է իրեն հասնել Երուսաղեմ, որտեղ էլ Ժառանգավորաց վարժարանը իրեն կացարան է տրամադրել. «Սկսեցի նկարել՝ մտածելով, որ դա կդառնա այստեղ նկարածիս մի հատվածը, բայց Երուսաղեմն այնքան գեղեցիկ էր, այնքան շքեղ էր, անընդհատ նկարում էի: Եկա Երեւան, հասկացա, որ ծրագրերս փոխվում են»:

Լուսինե Գեւորգյանը հավելեց, որ ֆիլմում 21-րդ դարի մարդու մենախոսությունն է, որը փակուղու մեջ է եւ փնտրում է իր կյանքի իմաստը, բայց հեղինակը հանում է մեկ այլ գաղափար եւս՝ լավատեսությունը. «Այդ լավատեսությունը մեր եկեղեցիների խորհրդանիշներն են, չորս տարերքները, որոնք անդաստանի ձեւով են մտնում եկեղեցի: Եկեղեցին, ես համարում եմ, մեր միակ հնարավորությունն է բնությունից եւ տիեզերքից չկտրվելու համար, փոքրիկ պատուհանն է դեպի տիեզերք»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930