ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ եւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպվել էր փաստավավերագրական ֆիլմերի մրցույթ: 28 ֆիլմերից ընտրված 14-ը մրցել էին 3` «Լավագույն ֆիլմ», « Լավագույն պատմություն», «Լավագույն կինեմատոգրաֆիա» անվանակարգերում: Հաղթող ֆիլմերն են ճանաչվել Սոնա Քոչարյանի «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)», Ավետիս Ավետիսյանի «Իմ տնից սկսվող հայրենիքը», Արամ Կիրակոսյանի «Գեղեցիկ մարդիկ» աշխատանքները, որոնք մեկնել էին Նյու Յորք ու վերադարձել:
Այսօր՝ նոյեմբերի 25-ին Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում կայացավ ամփոփիչ միջոցառումը՝ երիտասարդ վավերագրողների մասնակցությամբ, ցուցադրվեցին լավագույն ֆիլմերից երկուսը՝ ժյուրիի հատուկ մրցանակին արժանացած Հովհաննես Իշխանյանի «Ընտանեկան ալբոմ» եւ «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)», ինչպես նաեւ բոլոր ֆիլմերից ստեղծված թրեյլերը:
Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը նշեց, որ վավերագրական ֆիլմերը լավագույն գործիք են քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ այլ խնդիրները վեր հանելու առումով: Նա գոհունակություն արտահայտվեց երիտասարդ վավերագրողների մասին:
Կարդացեք նաև
Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն էլ ասաց, որ Երեւանի քաղաքապետարանը պատրաստակամ է օժանդակել գեղեցիկ նախաձեռնություններին, հատկապես, եթե խոսքը վերաբերում է ստեղծարար երիտասարդներին: Նա հավելեց, որ դիտել է ֆիլմերը, եւ ուրախ է, որ դրանց մի մասում, թեկուզ քննադատական անդրադարձ կա Երեւանին:
Ցուցադրությունից հետո կայացավ նաեւ փոքրիկ ընդունելություն քաղաքապետարանի ճեմասրահում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Միանշանակ համաձայն եմ պ. դեսպանի հետ: Վերջին տարիներին նայած փաստավավերագրական ֆիլմերը օգնեցին շատ ավելի լավ ճանաչել Ամերիկան, Եվրոպան և մյուս երկրները……………