Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանում տեղի է ունեցել Երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ամփոփիչ միջոցառումը

Նոյեմբեր 25,2014 21:15

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է Երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի եզրափակիչ փուլ դուրս եկած մասնակիցներին: Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, կարևորելով նմանատիպ միջոցառումների կազմակերպումն ու երիտասարդ վավերագրողների աշխատանքը, նշել է, որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է գեղեցիկ նախաձեռնություններին աջակցելու հարցում:

002

«Մենք միշտ պատրաստակամ ենք օժանդակելու գեղեցիկ նախաձեռնություններին, հնարավորություն ընձեռելու հատկապես երիտասարդ ստեղծագործ սերնդին ու մարդկանց: Վավերագրությունը հայ իրականությունում նոր երևույթ չէ, սակայն տարեցտարի փոփոխվում է, և յուրաքանչյուր ժամանակաշրջան ու սերունդ իր վավերագրումն ու փաստավավերագրումն է բերում:  Օրեցօր փոփոխվող աշխարհում այսօր էլ մենք տեսնում ենք երևույթներ, որոնք անհրաժեշտ են հրատապորեն արձանագրելու, փաստելու և վավերագրելու, և շատ լավ է, որ երիտասարդ սերունդը ձեռնամուխ է եղել իր կյանքի, կենսագրության և կենսակերպի պայմաններն ու նախադրյալները, նաև իր տեսածը վավերագրելու, ժապավենին հանձնելու գործին, որը կարող է ծառայել հաջորդ սերունդներին»,- ընդգծել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն էլ, շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հյուրընկալության ու քաղաքապետարանի ճեմասրահում մրցույթի ամփոփիչ միջոցառումը կազմակերպելու հնարավորության համար, նկատել է, որ այս ձևաչափը ևս մեկ միջոց է երիտասարդների աշխատանքը հանրությանը ներկայացնելու և այն քաջալերելու ուղղությամբ:

«Վավերագրական ֆիլմերը կարևոր և լավ գործիք են սոցիալական, քաղաքական և տնտեսական խնդիրները ներկայացնելու, վերհանելու համար: Իսկապես ուրախալի էր տեսնել, թե ինչպես են երիտասարդ վավերագրողներն աշխատում տեղացի և օտարերկրացի փորձառու մասնագետների հետ: Նրանք մեզ մոտ եկան գաղափարով և գաղափարը կարողացան վերածել տեսլականի և իրենց ձեռքը վերցնելով տեսախցիկը՝ այդ գաղափարները վերածեցին ֆիլմերի»,- նշել է դեսպանը:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանն էլ նշել է, որ իսկապես հետաքրքիր ու հաճելի է հենց քաղաքապետարանի  ճեմասրահում դիտել լավագույնը ճանաչված ֆիլմերը:

«Մեր նպատակն է խրախուսել ու ոգևորել երիտասարդ վավերագրողներին, և պիտի ասեմ, որ մենք տվեցինք մեկնակետը և իսկապես գոհ ենք արդյունքներից, ինչն էլ մեզ հնարավորություն է տալիս ասելու, որ այս գաղափարը լինելու է շարունակական: Շնորհակալություն եմ ուզում հայտնել քաղաքապետարանին, որ մեր կողքին են ու քաջալերում են մեր այս աշխատանքը»,- նշել է Մարի Լու Փափազյանը:

ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպված փաստավավերագրական ֆիլմերի մրցույթին ներկայացվել էին 28 ֆիլմեր, որոնցից ընտրվել են 14-ը: Մրցույթի 3 անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն պատմություն» և «Լավագույն կինեմատոգրաֆիա» հաղթողներ են ճանաչվել «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)», «Իմ տնից սկսվող հայրենիքը» և «Գեղեցիկ մարդիկ» ֆիլմերը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930