Նախկինում տեղեկացրել ենք Իջեւան քաղաքում Վահագն Վիշապաքաղի արձանի վնասման դեպքերի մասին: Ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցները պարզել են, որ այդ գործողությունները կատարել է նախկինում նման արարքներ կատարած, Իջեւան քաղաքի բնակիչ, 1960թ. ծնված Մարտուն Ղալումյանը: Մարտունը իրավապահներին հայտնել է, որ քանդակագործը Վահագն Վիշապաքաղի աչքերը նեղ էր քանդակել եւ ինքը դրանք ներկելով՝ ուղղել է նրա սխալը: Նա ասել է նաեւ, որ իր կողմից Վիշապաքաղի գլխին տեղադրված հայոց եռագույն դրոշակը արձանին չի խանգարում:
Իրավապահներից տեղեկացանք, որ Մարտունը նախկինում վնասել է Իջեւանի մերձակա հուշաղբյուրներից մեկի հուշաքարը, Իջեւանի «Սուրբ Ներսես Շնորհալի» եկեղեցու եւ «Սուրբ Խաչ» մատուռի մուտքի դռները, նաեւ՝ Իջեւանի քաղաքային զբոսայգում գտնվող մի քանի քանդակներ: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 260 հոդվածով(«Վանդալիզմը»): Հոգեկան շեղումներ ունեցող Մարտուն Ղալումյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ