Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության մարզպետները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում տարբեր բնագավառներում իրականացված աշխատանքներն ու ծրագրերը, դրանց արդյունքներն ու ընթացիկ խնդիրները: Մասնավորապես, մարզպետները զեկուցել են ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքների, կառավարության կողմից իրականացվող ծրագրերի, մարզային համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հողօգտագործողներին տրամադրված սերմացուի, մատչելի գնով պարարտանյութի և դիզելային վառելիքի պետական ծրագրին: Մարզպետներն ընդգծել են ծրագրի արդյունավետությունը և նշել, որ այն էապես նպաստել է գյուղատնտեսության զարգացմանը, արձանագրվել են տարբեր գյուղմթերքների արտադրության ծավալների աճ: Միաժամանակ նշվել է, որ ծրագիրն ունի սոցիալական ուղղվածություն, քանի որ գյուղացիական տնտեսությունները հնարավորություն են ունենում մատչելի գնով ձեռք բերել բարձրորակ պարարտանյութ և դիզվառելիք, ստանալ բարձրակարգ սերմացու: Այդ համատեքստում, խորհրդակցության մասնակիցները կարևորել են ծրագրի շարունակականությունը: Վարչապետը հանձնարարել է, հաշվի առնելով ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված որոշ թերություններ, ներկայացնել համապատասխան առաջարկություններ՝ ծրագիրը հետագայում առավելագույնս համակարգված կազմակերպելու համար:
Քննարկվել են նաև մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող այլ հարցեր ևս:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ