Այսօր Եռաբլուրում ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ՄԻ-24 ուղղաթիռի զոհված օդաչուների հուղարկավորությունից հետո ԼՂՀ պաշտպանության բանակի ղեկավար Մովսես Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանը չի կարող սահմանափակել Արցախի հանրապետության օդային տարածքը. «Թռիչքներ միշտ կատարվել են եւ նույն հունով էլ կատարվելու են»:
Նա ասաց, որ, ընդհանուր առմամբ, բոլոր միջադեպերը բանակի վրա որոշակի ազդեցություն թողնում են, բայց դա չի նշանակում, որ բանակը պետք է հոգեպես անկում ապրի. «Այդպիսի միջոցառումները բանակին խորթ չեն: Բանակը ստեղծված է պատերազմի համար, իսկ սա պատերազմի մի ձեւ է»:
Հարցին՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ սա դիպուկահարների միջադեպի, դիվերսիոն խմբի ներթափանցման շղթայի մի մասն է, հիմա մեր բանակը բերվա՞ծ է պատշաճ պատրաստվածության, որպեսզի միջադեպեր չլինեն՝ Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Բանակը միշտ բերված է պատրաստվածության, որպեսզի կարողանա հակազդել ցանկացած միջադեպի»:
Նա խուսափեց գնահատական տալ դիվանագիտական կառույցների աշխատանքին՝ ասելով, որ նրանք իրեն ենթակա չեն:
Կարդացեք նաև
Մովսես Հակոբյանը հստակություն մտցրեց նաեւ այս օրերին քննարկվող «չեզոք գոտի» տերմինի հետ կապված: Հարցին՝ ԵԱՀԿ-ն այդ բառակապակցությունը փոխարինել էր «մարդ չունեցող» գոտի արտահայտությամբ, սա ի՞նչ խնդիր կարող է առաջացնել՝ Մովսես Հակոբյանը պատասխանեց, որ այդ տարածքը ոչ մեկի կողմից չվերահսկվող գոտի է, ԵԱՀԿ-ն բառակապակցությունը փոխել է հենց այդպես՝ չվերահսկվող գոտի, իսկ չեզոք գոտին եւ չվերահսկվող գոտին նույն արտահայտությունն է, դրա մեջ որեւէ բան չկա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ