Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ավարտվել է Դաստակերտ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչ, ՍՊ ընկերության ներկայացուցիչ Բ.Աբրահամյանը 2007թ. ամռանը հանդիպել է Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավար Ն.Ֆիլոսյանին, հայտնել ընկերության կողմից Դաստակերտ համայնքում հէկ կառուցելու նպատակի մասին՝ խնդրելով հողատարածք տրամադրել:
Վերջինս, հավանություն տալով առաջարկին, 2007թ. հունիսի 17-ին հրավիրել է համայնքի ավագանու նիստ և առաջարկել համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.2հա հողը էներգետիկ, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա փոխադրելու համար ՀՀ Կառավարությանը դիմելու մասին որոշում ընդունել, այնուհետև, հիմք ընդունելով ավագանու` նույն օրն ընդունած թիվ 8 որոշումը, հողի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով Սյունիքի մարզպետարանի միջոցով դիմել է ՀՀ Կառավարություն:
Կառավարության 2008թ. փետրվարի 7-ի թիվ 125 որոշմամբ նշված հողատարածքի նշանակությունը փոխվել է։ Այդ մասին համայնքի ղեկավարը տեղեկացրել է ՍՊ ընկերության ներկայացուցչին։ Ապա, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2008թ. ապրիլի 28-ին, խախտելով գործող օրենսդրության պահանջները՝ ըստ որի համայնքի ղեկավարը չի կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, բաժնեմասերի առք ու վաճառքի պայմանագրով գնել է տվյալ ՍՊ ընկերության 8% բաժնեմասը և դարձել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության մասնակից։ Իսկ 2008թ. մայիսի 4-ին հրավիրել է ավագանու նիստ և առաջարկել էներգետիկ, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա փոխադրված համայնքային սեփականություն հանդիսացող 0.2հա հողը ՍՊ ընկերությանն օտարելու մասին որոշում կայացնել, որից հետո, օգտագործելով համայնքի ղեկավարի իր լիազորությունները, նույն օրը որոշում է կայացրել և նշված հողն ուղղակի վաճառքով օտարել արդեն իսկ իր մասնակցությամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերությանը:
Հողատարածքում հէկ կառուցելու նպատակով համապատասխան լիցենզիա և քաղաքաշինական այլ փաստաթղթեր ձեռք չբերվելու պատճառով մինչև 2010թ. նշված հողատարածքում շինարարություն չի իրականացվել: Բ.Աբրահամյանը 2010թ. գարնանը խնդրել է Ն.Ֆիլոսյանին թույլատրել առանց շինարարության թույլտվության և քաղաքաշինական այլ փաստաթղթերի իրականացնել հէկի շինարարական աշխատանքներ` մինչ համապատասխան փաստաթղթեր ձեռք բերելը, ինչը վերջինս թույլատրել է։ Ավելին՝ շինարարական աշխատանքներին ինքնակամ ներգրավել է քեռուն և Դաստակերտ համայնքի մի խումբ բնակիչների։ Ընկերությունը 2010-2012թթ. ընթացքում իրականացրել է հէկի ինքնակամ շինարարական աշխատանքներ։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ն.Ֆիլոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենքով սահմանված արգելքին հակառակ՝ անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը մասնակցելու և շահադիտական դրդումներից ելնելով՝ իր ծառայողական պարտականությունը չկատարելու, այսինքն` էներգետիկ, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա փոխադրված համայնքային սեփականություն հանդիսացող 0.2հա հողն արդեն իսկ իր մասնակցությամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերությանն ուղղակի վաճառքով օտարելու, ընկերության կողմից 2010-2012թթ. ընթացքում իրականացված ինքնակամ շինարարական աշխատանքները չկանխարգելելու և չկասեցնելու, ընկերության նկատմամբ դիտավորությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները չկիրառելու հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին էական վնաս պատճառելու համար:
Քրեական գործը 2014թ. նոյեմբերի 24-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին