Քիչ առաջ Եռաբլուրում հողին հանձնվեցին ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ՄԻ-24 ուղղաթիռի զոհված օդաչուների մարմինները:
Հուղարկավորությունը տեղի ունեցավ զինվորական արարողակարգով եւ նախապես հարազատներին զգուշացվեց, որ պետք է պահպանվի հոգեւորական կարգը՝ կանայք չեն կարող մոտենալ եւ ներկա լինել հողին հանձնելու արարողությանը:
Սգո միտինգի ժամանակ զոհերի հարազատներին մի քանի անգամ օգնություն ցույց տվեցին շտապօգնության աշխատակիցները: Նրանք ժամանակ առ ժամանակ ուշաթափվում էին՝ չդիմանալով խորը վշտին:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ խոնարհվում է օդաչուների պայծառ հիշատակի առջեւ: Նա ասաց, որ ադրբեջանցիների այս քայլը շղթայի մի մասն է կազմում նրանց դիվերսիոն գործողությունների:
Կարդացեք նաև
Զոհված օդաչուներ՝ մայոր Սերգեյ Սահակյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից հետմահու պարգեւատրվեցին Արիության մեդալով:
Հուղարկավորությանը ներկա էր Զորի Բալայանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Առաքել Մովսիսյանը, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, զինվորականներ, պաշտոնյաներ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ