Լրահոս
Օրվա լրահոսը

Գրանցվել է մեսրոպատառ .հայ դոմեյնը

Նոյեմբեր 25,2014 16:41

«Մեսրոպատառ .հայ դոմեյնը պաշտոնապես գրանցվել է»,- այսօր՝ նոյեմբերի 25-ին, «Նոյյան տապան» մամլո սրահում լրագրողներին հայտնեց «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Գրիգորի Սաղյանը:

Նա նշեց, որ լեզուն զարգանում է իր կրիչների միջոցով, եւ ինչքան շատ ոլորտներում այն օգտագործվի, այնքան մատչելի կդառնա: Պարոն Սաղյանի կարծիքով՝ հայերենի լայն օգտագործումը նոր ինտերնետային հանրության մեջ կհանդիսանա լեզվի զարգացման գրավականը. «Իհարկե՛, կան մտավախություններ, որ .հայ դոմեյնի օգտագործումը կարող է նպաստել հայկական ինտերնետի որոշակի մեկուսացմանը, սակայն նույն բանը կարելի է ասել ցանկացած ազգային լեզվի մասին. ազգային լեզուն ինչ-որ չափով մեկուսացնում է ժողովրդին մնացածներից, բայց միաժամանակ բազմալեզու հասարակությունը հարստացնում է ընդհանուր աշխարհի մշակույթը: Սա անհրաժեշտ մի գործընթաց է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել մեր հետագա զարգացումը»:

Գրիգորի Սաղյանը համարում է, որ .հայ դոմեյնը կնպաստի հայոց լեզվի զարգացմանը: Ըստ նրա՝ հնարավոր է նաեւ, որ այն դառնա Հայաստանը եւ սփյուռքը միավորող գործիք. «Սփյուռքը մեծ հետաքրքրություն ունի: Այդ դոմեյնի օգտագործումը թույլ կտա ավելի սերտացնել կապերը, թե ինչ ուղղությամբ կզարգանա, մենք կտեսնենք, այսօր դժվար է կանխատեսել»:

Նա հավելեց, որ .հայ դոմեյնը գործարկվելու է 3-6 ամիսների ընթացքում, քանի որ պետք է տեխնիկական աշխատանքներ կատարվեն:

«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Լիանա Գալստյանը նշեց, որ անցկացվել են բազմաթիվ քննարկումներ, որոնց արդյունքում որոշվել է դոմեյնի անվանումը. «Տարբեր առաջարկներ են եղել, որոնցից մեկն է .հհ-ն, բայց քանի որ այն սահմանափակում էր միայն Հայաստանի շրջանում, ապա դա այդքան հարմար չէր լինի սփյուռքի դեպքում: Իսկ .հայ-ը շատ լավ արտացոլում է ե՛ւ ազգային պատկանելիությունը, ե՛ւ լեզվի կիրառումը»:

«ICANN»-ի Ինտերնետ օգտագործողների Ասիայի եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նախագահ, «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Սիրանուշ Վարդանյանն ասաց, որ այս պահի դրությամբ 35 երկիր եւ լեզու կրող համայնքներ ունեն իրենց լեզվական տիրույթները: Այդ երկրների շարքում են Չինաստանը, Թայլանդը, Վրաստանը, Հնդկաստանը:

«Մենք 10 միլիոնից ավելի հայեր ունենք, այս տիրույթը նաեւ նրանց համար է կիրառվելու: Ներկայումս մեծ խիզախություն է առաջ տանել այս խնդիրը, երկու տարի առաջ, երբ որ խոսում էինք սրա մասին, ասվեց, որ մենք դեռ պատրաստ չենք, այսօր մենք խոսում ենք նրա մասին, որ արդեն ուշացել ենք: Եթե այսօր այս քայլին չդիմենք, հավանաբար հետագայում մեր ինտերնետի զարգացումը թերի կլինի»,- ասաց նա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930