Ընդդեմ կանանց բռնության կոալիցիայի անդամներն այսօր Ազգային ժողովի 131 պատգամավորի նամակներ փոխանցեցին: Խորհրդարանի յուրաքանչյուր պատգամավորի համար նախատեսված ծրարում ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին օրենքի վերամշակված նախագիծն էր, որը մի քանի տարի առաջ մերժվեց Ազգային ժողովի կողմից:
Կոալիցիայի մաս կազմող կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպության անդամներին մտահոգել է ընտանեկան բռնության դեպքերի աճը:
«Ոստիկանությունը կանանց նկատմամբ բռնության մասին 1500 ահազանգ է ստացել, իսկ ընտանեկան բռնություններից այս տարի տասնմեկ կին մահացել է: Ու այդ կանանց մահացության դեպքերը ոստիկանությունում էլ է արձանագրվել որպես ընտանեկան բռնության հետեւանքով մահացության դեպքեր»,- մեզ հետ զրույցում ասաց կոալիցիայի անդամ Տաթեւիկ Աղաբեկյանը:
Նրա խոսքով, կոալիցիային մաս կազմող կազմակերպությունները բռնության մասին 2000-2500 ահազանգ են ամեն տարի ստանում. «Սա խոսում է այն մասին, որ ոչ բոլորն են պատրաստ գնալ ոստիկանություն: Ու քանի որ բռնության կանխարգելման մասին օրենք չկա, կինը դիմում է ոստիկանություն, երբ ուզում է կոնկրետ քայլեր ձեռնարկվի, որ օրինակ ամուսինը պատժվի: Կազմակերպություններին խորհրդատվություն ստանալու համար են դիմում, կանայք չեն ցանկանում բռնության դեպքերի մասին աղմուկ հանել ու դիմել պետական կառույցներին»:
Այսօր կանանց նկատմամբ բռնությունների վերացման միջազգային օրն է ու կոալիցիայի երթը օրվան նվիրված միջոցառումների շարքից էր:
Բացի նամակներից ակցիայի մասնակիցները ԱԺ-ի պետաիրավական հանձնաժողովին փոխանցեցին բացիկներ՝ հանրապետական ստորագրահավաքի արդյունքում ձեռք բերված. «Ստորագրահավաքը բացիկի տեսքով է, որն ուղղված է պետաիրավական հանձնաժողովին, ու մարդիկ, որոնք ցանկանում էին միանալ օրենքի ստեղծման պահանջին, ստորագրում էին»:
Տաթեւիկ Աղաբեկյանը նաեւ ասաց, որ ընտանեկան բռնության կանխարգելման մասին վերամշակված օրենքի նախագծում իրենք հաշվի են առել այն բոլոր դիտողությունները, որոնք նախորդ անգամ մերժելուց առաջ պատգամավորներն ու գերատեսչությունները ներկայացրել էին.«Իրենց ներկայացրած հակակետերի վրա աշխատել ենք, շտկել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ