Ըստ ԲՀԿ-ի պաշտոնական կայքէջի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է հանդիպումների շարքը ինչպես քաղաքական տարբեր ուժերի, անհատների ու հասարակական կազմակերպությունների, այնպես էլ արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
«Համերաշխություն» կուսակցությունը պատրաստ է իր զորակցությունը հայտնել համաժողովրդական շարժմանն ու իր ակտիվ դերակատարումն ունենալ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ճանապարհին»,-Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը:
«Այս պայքարից ես անձնական որևէ շահ չունեմ ու քաջ գիտակցում եմ այն լրջագույն պատասխանատվությունը, որը ստանձնել եմ: Եթե ուզում ենք երկրում իրավիճակ փոխել, անկախ կուսակցական պատկանելությունից ու առկա տարաձայնություններից՝ պետք է համախմբվենք ու միավորենք բոլորիս ջանքերը: Անտարբեր ու կողքից նայող մարդ չպետք է մնա»,-իր խոսքում նշեց Գագիկ Ծառուկյանը:
«Երկիրը գտնվում է կաթվածահար վիճակում, պետության ու ժողովրդի գլխին կուտակվել են ահռելի խնդիրներ, որոնք սխալ քաղաքականության արդյունք են: Շտապելու փոխարեն պետք են գիտակցված ու հավասարակշիռ քայլեր. այս վճռորոշ իրավիճակում ԲՀԿ-ն պատրաստ է լսելու բոլորի տեսակետներն ու առաջարկները»,-հավելեց Գագիկ Ծառուկյանը:
Կարդացեք նաև
«Ժողովուրդը մեծ հավատով է լցված Ձեր հանդեպ, քանի-որ Դուք խոսքի տեր մարդ եք»,-շնորհակալություն հայտնելով անկեղծ զրույցի համար` նշեցին «Համերաշխություն» կուսակցության ներկայացուցիչները:
«Հանուն ազգի ու պետության պարտավոր ենք համախմբվել բոլորս։ Սա Հայաստանը վերջնական կործանումից փրկելու, մեր երեխաների համար արժանապատիվ ապագա կառուցելու վերջին հնարավորությունն է»,-ամփոփեցին հանդիպման մասնակիցները: