Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր Աթոռի դիվանապետ, գերաշնորհ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ու արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ստորագրեցին պայմանագիր՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցու ՝ քրեակատարողական հիմնարկների հոգեւոր ծառայություն հիմնելու մասին:
Ռուբեն աբեղա Զարգարյանն ասաց, որ նոր հիմքերի վրա է դրվում պետություն եւ եկեղեցի հարաբերությունները:
Նա նշեց, որ որոշ քրեակատարողական հիմնարկներում կառուցվել էին սրբատեղիներ, եկեղեցիներ: Խոսքը «Կոշ», «Արթիկ», «Վարդաշեն», «Վանաձոր», «Հրազդան», «Սեւան» քրեակատարողական հիմնարկների մասին էր:
Կարդացեք նաև
Իսկ Մայր Աթոռի դիվանապետ, գերաշնորհ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն էլ նշեց, որ բանտային հոգեւոր ծառայությունը սկսել է իրականացվել դեռեւս 1993-ից՝ Արարատյան հայրապետական թեմում, ներկայիս կաթողիկոսի օրհնությամբ, ապա՝ 2003-ից Մայր Աթոռում, երբ բացվեց «ՔԿՀ հոգեւոր ծառայություն» գրասենյակը:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կարեւորեց ՔԿՀ համակարգում հոգեւոր ծառայողների ներկայությունը: Նախարարն ասաց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կալանավորները, որոնք հոգեւոր սպասավորների հետ են շփվում, երբեք չեն վերադառնում քրեակատարողական հիմնարկներ:
Նա նաեւ ասաց, որ մեր կալանավորների ձեռքերով ստեղծված ազատազրկման վայրերում կան մատուռներ, խաչքարեր, եկեղեցիներ: Եվ ամեն ինչ արվելու է, որպեսզի նպաստեն կալանավորների հոգեւոր, կրոնական, ծիսական պահանջմունքների բավարարմանը:
Կաթողիկոսը օրհնեց պայմանագիրը:
Պայմանագրի կնքումը տեղի ունեցավ Մայր Աթոռի թանգարանում:
Aravot.am-ը դիմեց նախարարին, վաղաժամկետ պայմանական ազատազրկվածների խնդրով, մասնավորապես, թե ինչպիսի առաջարկներ են ներկայացվել եւ ինչ ժամկետներում այն պետք է իրականություն դառնա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ