Լրահոս
Օրվա լրահոսը

Վիոլետա Գեւորգյանը կվերադառնա Հայաստան, եթե նրան հրավիրեն պետական մակարդակով

Նոյեմբեր 25,2014 15:06

«Թատրոնը իմ կյանքն էր, որից ես զրկվեցի 1988 թվականին եւ դրա համար իմ կյանքը բաժանված է երկու մասի: Ես չէի պատկերացնում, որ կկարողանամ ապրել առանց թատրոնի, սակայն, ինչպես տեսնում եք, լավ էլ ապրում եմ»,- այսպես կատակով ներկայացրեց իր անցած ուղին ՀՀ ժողովրդական արտիստուհի, պետական մրցանակների դափնեկիր, դերասանուհի Վիոլետա Գեւորգյանը, որն ԱՄՆ-ից ժամանել է Հայաստան՝ այստեղ տոնելու իր ծննդյան 70 ամյակը:

Դերասանուհու ծննդյան տարեդարձին նվիրված հոբելյանական հանդիսությունը տեղի կունենա վաղը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Վիոլետա Գևորգյանն այսօր «Հայացք» ակումբում լրագրողներին պատմեց, որ իր ծննդյան տարեդարձն այս տարի Հայաստանում տոնելու գաղափարը պատկանում է Լոս Անջելեսի «Բարև» հեռուստածրագրի հեղինակ, լրագրող, ասմունքող Նունե Ավետիսյանին:

«Ես պատկերացնում եմ, թե ինչպիսի կարեւոր խնդիր էր հանդիպել Վիոլետա Գեւորգյանի նման դերասանուհուն Հայաստանում: Նա այն արտիստուհին է, որին անընդհատ սպասում են Հայաստանում եւ ես առաջարկեցի Լոս Անջելեսում նրա ծնունդը նշելուց հետո, այստեղ նշել նրա հոբելյանը: Դիմեցի Մշակույթի նախարարություն, որտեղից էլ սիրով ընդունեցին իմ առաջարկը»,-լրագրողներին պատմեց Նունե Ավետիսյանը:

Դերասանուհու ծննդյանը նվիրված հոբելյանական հանդիսության բեմադրողն է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, որն ասուլիսին պատմեց, որ հոբելյանական երեկոն ուղեկցվելու է «Աշնան արեւ»-ի բեմադրությամբ:

Այնուհետեւ Վիոլետա Գեւորգյանը մի փոքր պատմեց իր խաղացած դերերի մասին եւ հատկապես առանձնացրեց իր առաջին դերը՝ Աննա Ֆրանկը. «Մատներիս վրա կարող եմ հաշվել իմ խաղացած դերերը, պարզապես այնպես եմ խաղացել, որ մնացել է մարդկանց հիշողության մեջ: Իմ առաջին դերը Աննա Ֆրանկն էր: Ես խաղում էի 13 ամյա աղջնակի դերը 21 տարեկանում»:

Լրագրողները նաեւ Վիոլետա Գեւորգյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ նա չի վերադառնում Հայաստան եւ այստեղ չի շարունակում իր ստեղծագործական ուղին, ինչին ասուլիսի մասնակիցները պատասխանեցին, որ նման մասշտաբի դերասանուհուն պետք է հրավիրել պետական մակարդակով. «Կառավարությունը պետք է նրան հրավիրի, որ նրան հարցնեն՝ ի՞նչ է քեզ պետք, որպեսզի այստեղ ապրես եւ ստեղծագործես: Նրան պետք է հրավիրեն թատերական ինստիտուտում դասավանդելու, թատրոնում խաղալու, որպեսզի նա լավ օրինակ ծառայի երիտասարդ սերնդի համար: Վիոլետա Գեւորգյանը 25 տարի այնպիսի դժվարություններ է ապրել իր կյանքում՝ առանց թատրոնի, առանց իր սիրած գործի»,- պատասխանեց Նունե Ավետիսյանը:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սոնա says:

    Որևէ ռուս արտիստուհի իրեն թույլ չէր տա այսպես ինքնահավան հարցազրույց տալ: Ճիշտ է – այն տարիներին տեսել ենք նրա Աշնան արևի Աղունը, որ հրաշալի էր կատարում, բայց պետական մակարդակով հրավեր ինչու պետք է արվի, նա այս տարիքում ինչ պետք է անի? Մշակույթի նախարարությունն արդեն հոգ է տարել, որ հոբելյան արվի, դա էլ քիչ չէ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930