Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վիճահարույց» եկեղեցիները. Ժամանակը չէ՞ արդյոք վերջ տալ այդ վեճին. armenian-community.ge 

Նոյեմբեր 25,2014 14:29

Անցյալ շաբաթվա վերջում վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը
լուսաբանել է վրացի հանրությանը, ավելի ճիշտ իր հեռուստադիտողին Թբիլիսիի
պատմական կենտրոնում տեղակայված հայկական Նորաշեն եկեղեցում կատարված
հնագիտական հայտնագործությունների մասին: Չենք խորանա «Ռուսթավի 2»
հեռուստաընկերության կողմից պատրաստած տեսանյութի մանրամասների մեջ` կասենք
միայն մի բան: Տվյալ տեսանյութն, ընդհանուր առմամբ, լրագրության ոչ
պրոֆեսիոնալիզմի «հիանալի» օրինակ է ներկայացնում և որ ամենակարևորն է
միջազգային և միջկրոնական կոնֆլիկտի բորբոքմանն ուղղված քարոզչական նյութի
«ակնառու»  օրինակ է:

«Թբիլիսիում գտնվող XIX դարի հայ-վրացական Նորաշեն եկեղեցում մասնագետները
հայտնաբերել են XVI դարի քարեր: Պեղումների ժամանակ մասնագետները
հայտնաբերել են նաև գերեզմանաքարեր վրացական գրվածքներով: Արված
հայտնաբերումները իրենց հերթին խոսում են նաև այն մասին, որ այդ տաճարում
գրիգորյաններից բացի գործունեություն են ծավալել նաև ուղղափառ
քրիստոնյաները: Ըստ նախնական տվյալների` Թբիլիսիի հին թաղամասում գտնվող
տաճարը, կառուցվել է ուրիշ տաճարի ավերակների վրա: Աշխատանքների ընթացքում
հնագետները Նորաշենի հիմքում հայտնաբերել են ուրիշ եկեղեցու հիմք և կրող
սյուն: Այդ տեղեկությունը դեռևս ճշտված չէ, մինչդեռ, ինչպես ասում են
մասնագետները, գոյություն ունեն այդ եզրակացություններն ապացուցող բազմաթիվ
փաստեր», -ահա այն կարճ տեքստը, որը կցված է «Ռուսթավի 2»
հեռուստաընկերության կայքում տեղադրված հատուկ տեսանյութին:

Ի՞նչ տվյալների վրա հիմնվելով են տեսանյութի հեղինակները հաստատում, որ
հայկական Նորաշեն տաճարի առկա շենքը պատկանում է XIX դարին, ովքե՞ր են այդ
«մասնագետները», որոնք «եզակի» հնագիտական հայտնագործություններ են արել, և
ի՞նչ իրավունքով «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը իրեն թույլ է տալիս
անվանել Հայ Առաքելական Եկեղեցուն` գրիգորյանական…»: Այդ և այլ հարցերի
պատասխանը ստանալը շատ հետաքրքիր կլիներ, մինչդեռ եկե´ք մի պահ հանգիստ
թողնենք զգացմունքային մասը և ուշադրություն դարձնենք հարցի էական մասին:
Իսկ հարցի էական մասը հետևյալն է.

Ցավոք, բայց Վրաստանում մինչ օրս շարունակում են գոյություն ունենալ որոշ
ուժեր, որոնք չեն խնայում ջանք ու հնարավորություն, որպեսզի իրար հակադրեն
երկրում ապրող ազգային և կրոնական խմբերին: Ինչքան էլ դա տարօրինակ և տհաճ
լինի, բայց իրենց նպատակներին հասնելու համար այդ ուժերը օգտագործում են
«ունիվերսալ գործիք»` կրոնական թեման: Կոնֆլիկտը բորբոքելու համար
օգտագործելով այդ «ունիվերսալ գործիքը»` մեր պետության ոչ բարյացակամները
շատ հաճախ դիմում են ևս մեկ, ոչ պակաս վտանգավոր միջոցի` պատմական փաստերի
նենգափոխմանը: Շատերի համար պարզից էլ պարզ է, թե ուր կարող է հասցնել մեր
երկրին տվյալ թեմաների վերաբերյալ իշխանությունների և հասարակության
անուշադրությունն ու անտարբերությունը: Բավական է ընդամենը հիշել երկրի
ժողովրդագրական պատկերը, որպեսզի հասկանանք, որ եթե մենք գնանք այդ ուղիով,
ապա մեկ հարկի տակ երկար ապրել մենք չենք կարողանա:

Ավելի վառ օրինակի համար կրկին վերադառնանք այսպես կոչված «վիճահարույց
եկեղեցիների» հարցին: Երկար տարիների ընթացքում պետությունն այդպես էլ
չկարողացավ լուծել այդ հարցը: Ավելի ճիշտ պետությունը դեռևս չի կարողացել
հաղթել այն ուժերին, որոնք  գիշերուզօր քայքայում են վրացական
պետականության հիմքերը:

Այն, ինչ բոլորի համար ակնհայտ է, Վրաստանում չգիտես ինչո՞ւ հարցականի տակ
է դրվում: Ինչո՞ւ: Ստեղծվում են ինչ-որ հանձնաժողովներ, որոնց աշխատանքի
առարկան, միանգամից ասենք, կայանում է նրանում, որպեսզի կասկածանք
առաջացնեն, հարցականի տակ դնեն հանրահայտ ճշմարտությունները: Ինչո՞ւ: Այդ
«ինչուն» վերաբերում է ոչ միայն այն կողմերին, որոնք մասնակցում են այդ
աբսուրդային հանձնաժողովների աշխատանքներին, այլև բոլոր նրանց, ովքեր
ապրում են այս փոքրիկ երկրում և որոնց համար միևնույնը չէ Վրաստանի
ճակատագիրը…

Ո՞րն է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության կողմից պատրաստած տեսանյութի
ենթատեքստը: «Հայկական տաճարը կառուցվել է վրացական եկեղեցու տեղում և
համապատասխանաբար շենքը հայկական չէ՞»: Գիտակցո՞ւմ է արդյոք ընդհանրապես
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության ղեկավարությունը, որ հնչեցնելով նման
թեմաներ` «Պանդորայի արկղ» է բացում: Ցավոք, բայց դատելով ամեն ինչից,
հիանալիորեն գիտակցում է և հենց դա էլ նրա նպատակն է…

Արդեն իսկ այսօր պարզորոշ երևում է, թե «մութ ուժերը» ինչ ուղղությամբ են
պատրաստվում տանել «վիճահարույց եկեղեցիների» հարցերով հանձնաժողովի
աշխատանքը: Դատելով ամեն ինչից` դա կլինի անվերջանալի վեճ, որի ընթացքում
կողմերը իրար կբախվեն գոյություն ունեցող և չունեցող պատմական
ապացույցներով:

Իրականում, չէ՞ որ հարցն այն չէ, թե ում գերեզմանաքարն է ավելի հինը, այլ
այն, որ եթե մենք ապրում ենք ժողովրդավարական և իրավական պետությունում,
ապա պետությունը պետք է բոլոր քաղաքացիներին և խմբերին հավասարապես ապահովի
սեփականության իրավունքով:

Խոսելով հասարակ լեզվով` եթե գոյություն ունի առարկա` սեփականություն, որի
տերը հաստատված է իրավաբանական փաստաթղթով կամ այլ անվիճելի փաստերով, ապա
այդ սեփականությունը պետք է հանձնվի տիրոջ շահագործմանը: Այն դեպքում, եթե
պետությունը չի ճանաչում այդ հիմնարար հասկացությունները, տարբեր ուժերի
ազդեցության տակ կարող է կասկածի տակ դնել հանրաճանաչ միջազգային նորմերը և
այդպիսով շեղվել իրավական դաշտից, այդ դեպքում սեփականատիրոջն այլ բան չի
մնում, բացի պետության օրինակին հետևել և ամեն կերպ պնդել իր իսկ
սեփականությանը տիրանալու և օգտագործելու իրավունքը: Այդ ծայրահեղ
անցանկալի տեսարանով իրավիճակի զարգացման դեպքում առավելությունն արդեն
կլինի նրանը, ով ավելի ուժեղ է: Նաև Ֆիզիկապես…

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930