Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մահացած զինծառայողի գործով վկաները ենթարկվել են բռնության

Նոյեմբեր 25,2014 14:18

2014 թ. նոյեմբերի 24-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր  Ա. Պետրոսյանի, Մերուժան Կալեյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկվեց ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թ. սեպտեմբերի 22-ին կայացրած դատական ակտի օրինականության հարցը: ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող Հայկ Կալեյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի դատաքննության ընթացքում վկա Արմեն Բոզոյանը հայտարարել էր, որ ինքը և ևս երեք վկաներ 10 օրից ավել պահվել են ռազմական ոստիկանությունում, ենթարկվել են ծեծի, բռնության, և նրանց ստիպել են ցուցմունքները շարադրել քննիչի թելադրանքով: Նշվածի վերաբերյալ Հայկ Կալեյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաքունցի կողմից ներկայացված հանցագործության հիման վրա հարուցվել էր քրեական գործ, որ սակայն հետագայում կարճվել էր: Պետք է ընդգծել, որ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմանը հաղորդում ներկայացրած կողմը ծանոթացել է միայն այդ որոշումն ստանալու պահանջով դիմում ներկայացնելուց հետո, իսկ կարճված քրեական գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն այդպես էլ չի ունեցել:

Սույն որոշումը սահմանված կարգով բողոքարկվել է նախ վերադասության, իսկ այնուհետև՝ դատական կարգով, սակայն ներկայացված բողոքները մերժվել են, իսկ որոշումը մնացել է անփոփոխ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ներկայացված բողոքով Ա. Սաքունցը խնդրել է բեկանել ստորադաս դատարանի, այն է՝ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը և այն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության: ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ներկայացված բողոքով հիմնավորումներ են ներկայացվել վկաների նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի, անազատության մեջ գտնվելու, ինչպես նաև դատարանի դատական ակտի ոչ բավարար չափով պատճառաբանվածության վերաբերյալ: Վերաքննիչ բողոքի հիմնավորումներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: 2014 թ. նոյեմբերի 24-ի դատական նիստին ՀՀ զինվորական դատախազության դատախազ Ա. Հարությունյանը և ՀՀ ՊՆ առաջին կայազորային քննչական բաժնի քննիչ Ն. Ավետիսյանը չէին ներկայացել:

Դատարանը հայտնեց, որ Ա. Հարությունյանը պատշաճ ծանուցվել է դատական նիստի տեղի և օրվա ժամին, իսկ քննիչ Ն. Ավետիսյանի ծանուցման վերաբերյալ դատարանը տեղեկություն չուներ: Դատական նիստի ընթացքում Մ. Կալեյանի ներկայացուցիչ Ա. Սաքունցը միջնորդեց տրամադրել կարճված քրեական գործի նախաքննության նյութերը, քանի որ դրանք նախաքննության ավարտից հետո չեն ներկայացվել կողմին, իսկ դատախազի և քննիչի բացակայությամբ բողոքի քննությունը շարունակելու հարցը թողեց դատարանի հայեցողությանը: Նախագահող դատավոր Ա. Պետրոսյանը գտավ, որ ՀՀ զինվորական դատախազության դատախազ Ա. Հարությունյանի բացակայությունը խոչընդոտ չէ գործի քննության համար: Միաժամանակ, դատարանը բավարարեց Ա. Սաքունցի միջնորդությունը, գտնելով, որ վարույթն իրականացրած քննիչ Ն. Ավետիսյանը պետք է դատարան ներկայացնի կարճված քրեական գործի նախաքննության նյութերը՝ բողոքաբերին դրանց ծանոթանալու հնարավորություն տալու համար: Այդպիսով, բողոքի քննությունը հետաձգվեց և նշանակվեց 2014 թ. դեկտեմբերի 8-ին, ժամը 15:00-ին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930