Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Առայսօր Ցեղասպանությունը գեղարվեստականորեն մշակելու հստակ գաղափարախոսություն չունենք» . «Իրատես de facto»

Նոյեմբեր 25,2014 12:57

«Իրատես de facto»-ի հյուրը գրող-գրականագետ, թարգմանիչ, մշակույթի վաստակավոր գործիչ Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆՆ է։

 – Կան որոշ նախագծեր, որ կյանքի են կոչվելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին, բայց դրանք չեն խոստանում «Դաշնակահար» կամ «Շինդլերի ցուցակ» լինել։ Ի՞նչ գիտեք այս մասին։

– Լավ ասացիք՝ «որոշ»։ Այդ «նախագծերը» մշակվում են նախանձելի կոնսպիրացիայի պայմաններում, ասես մասոնական օթյակի գերթաքուն մի նիստ է, որին մասնակցելու իրավունք ունեն միայն առանձընտրյալ գաղտնահաղորդները։ Ես դրանց շարքում չեմ, բայց բախտ եմ ունեցել այդ նախագծերից մեկ-երկուսին ծանոթանալու, եւ հավանաբար պիտի ազգովին աղոթենք, որ դրանք երբեք չիրականանան։

Իսկ եթե անկեղծ ասեմ, ապա լավագույնը կլիներ, որ 100-ամյակի առթիվ Հայաստանում ընդհանրապես ոչինչ չնկարվեր։ Մենք պատրաստ չենք այդպիսի ֆիլմ նկարելու։ Երանի սխալվեմ, բայց դատելով մեր երկրի քաղաքական-հասարակական, վերջապես տնտեսական-մշակութային վիճակից, ժողովրդի հոգեվիճակից, կինոարվեստի մեր համեստագույն հնարավորություններից, ես ոչ մի լավ բան չեմ սպասում։

Չասած այն մասին, որ առայսօր ցեղասպանությունը գեղարվեստորեն մշակելու հստակ գաղափարախոսություն չունենք։ Եվ չի երևում, թե վերեւները շա՜տ մտահոգված են դրանով։ Թող ուզած թեմայով տասնյակ ու տասնյակ անհաջող ֆիլմեր նկարեն, բայց այս դեպքում ձախողումն անթույլատրելի է։

– Նախագծերից մի երկուսի մասին էլ մամուլում խոսվեց։

– Իսկապես, տխմարության, զավեշտի, անինքնասիրության, վերջապես, սրբապղծության տիրույթներում գտնվող նախագծեր։ Հրճվալից հանդիսավորությամբ հայտարարվեց, թե Սպիլբերգը պիտի ֆիլմ նկարի այդ թեմայով։ Հետո լուրը ժխտվեց։ Որոշ ժամանակ անց նորից հաստատվեց, եւ հաջորդեց անորոշ լռությունը։ Մեկ ուրիշն էլ ԱՄՆ-ից, ծանոթ ազգանունով, ապագա ֆիլմի աֆիշներով հեղեղեց մամուլը, Հոլիվուդի ամենանշանավոր եւ ամենաթանկ դերասանների անուններն էին հոլովվում, եւ այս աղմուկին էլ անորոշ լռություն հաջորդեց։ Սակայն ամենաողբալին Ֆրանսիայում հաստատված, «Երրորդ հարկ» կոչվող ակումբի նախկին անդամներից մեկի տենչանքն է՝ Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ինստալյացիա անել Փարիզում՝ կազմված միլիոն ու կես խմված ու չորացված թեյի տոպրակներից։ Այս անհեթեթությանը նույնիսկ «Ֆիգարո» թերթն անդրադարձավ։ Շնորհակալ լինենք, որ թեյի տոպրակներ է ընտրել և ոչ թե գործածված ուրիշ բաներ։ Չշարունակենք։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930