Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյան. Ոչ իշխանական ուժերը խուսափել չեն կարող (Տեսանյութ) 

Նոյեմբեր 25,2014 12:52

Այն, որ գտնվելու ենք բավական մեծ տնտեսական տարածքում ու դա բավականին մոտ է քո երկրի տնտեսական ենթակառուցվածքներին, չափանիշներին, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը համարում է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության դրական պայմաններից մեկը: Այսօր «Ազդակ» մամուլի ակումբում գնահատելով ԵՏՄ անդամակցության դրական կողմերը, իշխող կուսակցության ներկայացուցիչը կարծիք հայտնեց, որ ենթակառուցվածքների եւ չափանիշների մասով նաեւ ժամանակի, մարդկային եւ նյութական ռեսուրսների խնայում կլինի: «Մեր ապրանքները շատ ավելի մրցունակ են հենց այդ շուկայում»,- հավելեց պատգամավորը:

ԵՏՄ անդամակցության ռիսկերից թիվ մեկն էլ ՀՀԿ-ի ներկայացուցիչը համարում է տրանսպորտային խնդիրները եւ Հայաստանի շրջափակված լինելը. «Ընդամենն ունենք երկաթուղային մեկ կապ`Վրաստանով: Զուտ տնտեսական առումով քիչ թե շատ լուրջ խնդիրը դա է: Փոթիի եւ Բաթումի նավահանգիստների միջոցով էլ հնարավոր է այս պահին որոշակի խնդիրներ կարգավորել, լաստանավ է գործում, ինչպես գիտեք, Ղարսի ճանապարհն է գործում: Իսկ Աբխազական երկաթուղու ճակատագրի առումով հստակ պատասխան ոչ ոք չի կարող տալ, առաջիկայում կերեւա»:

Երեկ, ԵՏՄ պայմանագրի մասով խորհրդարանում կայացած լսումներն իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչը համարում է այս թեմայով ծավալված առաջին լուրջ քննարկումները, որոնք խորհրդարանականներին հնարավորություն են տալիս հստակեցնել ԵՏՄ պայմանագրին միանալու շուրջ տեսակետները:

Aravot.am-ի դիտարկմանը, որ լսումները բավական ուշագրավ մթնոլորտում էին`ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի պատգամավորներն ընդհանրապես չմասնակցեցին, ԲՀԿ-ական մի քանի պատգամավորները, որոնք դահլիճում էին, ոչ հարցեր տվեցին, ոչ ելույթներ ունեցան, «Ժառանգությունից» միայն Զարուհի Փոստանջյանն էր ակտիվ «դեմ» արտահայտվում. խորհրդարանական խմբակցություններից իշխող ՀՀԿ-ն, ըստ էության, միայնակ էիր մնացել, Արտակ Դավթյանն ասաց, որ բոլոր խորհրդարանական խմբակցություններն էլ ստիպված են լինելու մոտ օրերս հստակեցնել իրենց դիրքորոշումները, քանի որ դեկտեմբերի 1-4-ի քառօրյայում այս հարցը քննարկվելու է, խուսափել չեն կարող:

Այլ մանրամասները`ք տեսանյութում

Լրագրողներից մեկի հարցին`ներքին շուկայի ընդլայնման առումով պետությունը կանգնա՞ծ է լինելու մեր արտադրողների կողքին, որ հնարավոր լինի նաեւ արտահանել ապրանքները` կայուն պահելով նաեւ ներքին շուկան ու գնաճը, Արտակ Դավթյանն ասաց, որ իր գնահատմամբ կապիտալի եւ աշխատուժի շարժեր կգնան այն ուղղությամբ, որտեղ ավելի նպաստավոր պայմաններ կլինեն եւ դա կբերի նրան, որ միության տարածքում խաղի նույն կանոնները գործեն. «Իսկ մենք գիտենք, թե ինչ է նշանակում նույն պայմանների պարագայում առաջընթաց ունենալ`հայի պրպտուն միտք ունենալու առումով»:

Նա նաեւ ասաց, որ իր անձնական շփումներից տպավորություն է ստացել, որ ՌԴ-ում կան շատ հայ գործարարներ, ովքեր հունվարից հետո ցանկություն են հայտնել հենց Հայաստանում աշխատել: «Բայց լավագույն գնահատականը կտա ժամանակը»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը` հորդորելով սպասել ու իրական արդյունքները տեսնել:

Բայց, որ մեր ընտրությունը ճիշտ է, պատգամավորը կասկած չունի, նաեւ, առկա տնտեսական խնդիրները լուծելու առումով: Մի բան նա վստահեցրեց` պետությունն իր հարկային, մաքսային քաղաքականությամբ կկանգնի տեղական տնտեսվարողների կողքին:

Լրագրողների տարատեսակ տնտեսական հարցերից ՀՀԿ-ական պատգամավորն ի վերջո վրդովվեց ու հիշեցրեց, որ ինքն ԱԺ կրթության, գիտության, երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարն է եւ հորդորեց իրեն իր ոլորտից հարցեր տալ: Իր ոլորտի հարցերին էլ պատասխանելով ասաց, որ բոլոնյան գործընթացի վրա ԵՏՄ անդամակցությունը չի ազդի, քանզի ՌԴ-ում է այն գործում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930