Ամերիկյան դոլարը երեկ «Նասդաք Օէմէք Արմենիա» բորսայում գնվել է 435 դրամ միջին փոխարժեքով։ Մեկ օրվա ընթացքում դոլարը թանկացել է 4,07 տոկոսով կամ 17 դրամով։ Սա ոչ թե պարզապես տատանում է, այլ շատ ավելի լուրջ բան, որը կարող էր ֆինանսական շուկայում խուճապի պատճառ դառնալ։
Դրա համար ԿԲ-ն երեկ հարկ է համարել հանդես գալ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում եւ միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով, եւ նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը եւ պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին։ Կենտրոնական բանկը՝ խորհրդակցելով ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցների հետ, գնահատում է, որ այս պահին շուկայում ձեւավորված փոխարժեքը լիարժեք արտացոլում է այդ զարգացումները եւ գտնվում է կայունացման տիրույթում։ ՀՀ կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները եւ ապահովելու ֆինանսական կայունությունը»։
Բավականին հետաքրքիր իրավիճակ է։ Վերջին 1 ամսվա ընթացքում ԿԲ-ն պայքարում է դրամի կտրուկ արժեզրկման դեմ, դոլարի նկատմամբ պահանջարկը բավարարելու համար վաճառում շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլար։ Հետո թույլ է տալիս, որ դրամն ընկնի, ու համոզում, որ դրանից տնտեսությունը միայն կշահի։ Միգուցե եւ այդպես է, սակայն անհասկանալի է, թե ինչո՞ւ դրամին թույլ չէին տալիս ավելի շուտ հանձնվել՝ հող նախապատրաստելով տնտեսական աճի համար։
ԿԲ-ն այս հայտարարությամբ նաեւ փորձում է կանխել խուճապը, այս կտրուկ տատանումն անվանում է «ճշգրտում» եւ հավաստիացնում, որ այս պահին շուկայում ձեւավորված փոխարժեքը գտնվում է կայունացման տիրույթում։
Կարդացեք նաև
Եվ վերջապես, ԿԲ-ն ասում է, որ կտրուկ տատանումները ֆորսմաժորային զարգացումների արդյունք են։ Այսինքն՝ փակում է այն մարդկանց բերանը, որոնք կարող են ԿԲ-ին մեղադրել ոչ կոմպետենտության մեջ:
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում