Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմվածք. Որբացածները

Նոյեմբեր 25,2014 12:06

Ամռան վերջին օրերն էին: Նստած էի պատշգամբում, նայում էի հեռուները, մտածելով, թե ինչ գրեմ, ուղարկեմ թերթերին, որ տպագրեն: Հանկարծ ներքևից խշրտոց լսեցի, նայեցի ձայնի ուղղությամբ: Նախապես ասեմ, որ ես ապրում եմ յոթհարկանի շենքի երրորդ հարկում, իսկ մեր մուտքի առաջին հարկի նույն երեք սենյականոց բնակարանում, ինչպես մերը, այս տարի նոր բնակիչներ են հայտնվել: Ճիշտն ասած, երեք տարի առաջ այդ բնակարանը գնել էր մի երիտասարդ և կապիտալ վերանորոգման ենթարկել, պատշգամբը որոշ չափով օրինական, թե անօրինական կերպով առաջ մղել` ստեղծել մի նոր շինություն, որի հետևանքով կանաչապատ որոշ տարածք էր պակասել: Նախկինում, ամբողջ ձմռան ընթացքում բնակիչները այդ տարածքը աղբանոց էին սարքում` պատուհաններից դուրս նետելով ցելոֆանե պատռված տոպրակներ, պահածոների դատարկ թիթեղյա տարաներ, հագուստի կտորներ և այլ անպետք բաներ: Մեկ-մեկ էլ ես էի պատշգամբից փոքրիկ բաներ շպրտում, որոնք չգիտեմ քամին էր բերում, թե հինգերորդ կամ չորրորդ հարկում ապրողներն էին անհաջող դուրս շպրտում և դրանք հանգրվանում էին մեր պատշգամբում: Բա, հո ես հետ չէի մնալու մյուսներից, որ նրանք կեղտոտում էին բակը, մեկ-մեկ էլ ես պիտի միանամ նրանց, որ չասեն, թե էս Փայասլյանը ինչ մեկուսացված մարդ է, հասարակությունից կտրված, նրա հետ առաջ չի շարժվում, իրեն սպիտակ ագռավ է ձևացնում:

Այն ժամանակ, երբ գարունը գալիս էր, օրերը տաքանում էին, հավաքվում էինք հարևաններով, բակում ձմռան ընթացքում կուտակված եղած-չեղած աղբը հավաքում, տանում էինք լցնում մայթին դրված աղբամանները: Առիթ էր, հանդիպում էինք հարևաններով (իհարկե ոչ բոլորը), ուրախ զվարթ զրուցում, թարմանում ու բաժանվում` հաջորդ գարնանը նորից հանդիպելու ակնկալիքով:

Սակայն այդ հրաշալի հանդիպումները արդեն մի քանի տարի անցյալում են մնացել: Բնակարանի երիտասարդ նոր տերը շուտով այն վաճառեց ավելի բարձր գնով ու ասում են մի նոր բնակարան է գնել, որպեսզի կապիտալ վերանորոգման ենթարկի և նորից բարձր գնով վաճառի: Դե, այդ մարդու բիզնեսն էլ այդպես է ձևավորվում: Բայց կարծես թե շեղվեցի այն թեմայից, որը մտքումս անընդհատ պտտվում է ու հանգիստ չի տալիս: Հա, դուրս էի նայում պատշգամբից, դեպի բակի կանաչ տարածությունը և ափսոսանքով մտածում, որ մեր շքամուտքում ապրող երկրորդ հարկի իմ ներքևի հարևանը, բնակարանը դատարկ թողել, գնացել է մի ուրիշ տեղ` շքեղ առանձնատուն գնել ու այնտեղ է ապրում: Ինչի համար եմ այս ամենը ասում, ախր, որ նա էլ ապրեր այստեղ և բնակարանում նեղվածք լիներ, առաջին հարկի նման առաջ մղած տարածքի վրա սյուներ կդներ, կկառուցեր իր սենյակը ու ես արդեն ստիպված կլինեի իմ սյուները ավելացնել նրա հարկի վրա, կառուցել իմ լրացուցիչ բնակարանը: Բայց հիմա ես հո չեմ կարող շրջանցելով երկրորդ հարկը, մի անգամից իմը կառուցել: Բա, որ ասում են լավ հարևանը վատ բարեկամից լավն է, չեն հավատում: Այս մտքերով տարված, նորից ներքև եմ նայում և տեսնում կանաչ խոտերի վրա փռված մի մեծ հրաշագեղ կատվի:

Քանի որ առաջին հարկի այս նոր տիրոջ տարեց մայրիկը բնություն սիրող էր երևում, նա էլ իրենց բնակարանի դիմացի կանաչ տարածությունը խնամում է և որոշ ծաղկատեսակներ է աճեցնում, սակայն հողամասի միջին մասը ազատ է ծառ ու ծաղկից և այդտեղ հիմա փառահեղորեն, իսկը հայտնի նկարի Դանայայի տեսքով, պառկած էր մի մեծ կատու, որին ամենայն հավանականությամբ հովանավորում է այդ տարեց կինը, թե չէ մեր ձեղնահարկից վաղուց անհետացել էին թափառող կատուները` չկարողանալով սնունդ հայթայթել անխիղճ բնակիչների անտարբերության պատճառով: Ես նկատում եմ, որ այս կատվի կրծքամասը իր սպիտակությամբ տարբերվում է մարմնի մնացած մասերի գույներից: Ընդհանուր առմամբ մտքումս հաշվում եմ երեք կամ չորս գույն, կուրծքը` սպիտակ է, մեջքը երիզված է գորշագույն լայն շերտով, իսկ կողերը դեղնանարնջագույն են: Եթե կատվի գունա-երանգային նկարագրությունը հաջող չստացվեց, ներող կլինեք, քանի որ ես գույներից ըստ կնոջս տեսակետի` այնքան էլ լավ գլուխ չեմ անում: Չէ, դալտոնիկ չեմ, բայց դե բացի ծիածանի յոթ գույներից մնացածի նկատմամբ անտարբեր եմ: Իսկ այս կատուն կանաչ խոտի վրա նազանքով ու փառահեղորեն պառկած տեսքով, մի տեսակ շուռ է գալիս կողքի, որ կուրծքը ազատ տեղավորվի գետնից մի քիչ բարձր, որպեսզի ձագուկները, կարողանան ազատորեն օգտվել մայրական անուշ կաթից: Բայց ես նկատում եմ, որ ձագուկները մի փոքր հեռվում իրար են հրմշտում, ցատկոտում, թավալվում և կարծես ուշադրություն էլ չեն դարձնում մայրիկի փառահեղ տեսքի վրա: Իսկ մայրիկը երանության մեջ, իրենից գոհ` կարծես աշխարհն է վայելում իր գոյությամբ: Հանկարծ ձագուկներից մեկը նկատում է մայրիկի այդ հրաշագեղ կեցվածքը, սնվելու համար հարմար տեսքը, արագ ցատկոտելով մոտենում, դիրք ընդունում գետնի վրա, դունչը մոտեցնում մայրիկի կրծքին, ընտրում իր ցանկացած պտուկը ու հաճույքով սկսում վայելել մայրական կաթը: Մնացած երեք ձագերը նկատելով այդ, իրենք էլ են շտապում նախաճաշը վայելելու: Մինչ ձագուկները երանության մեջ վայելում էին նախաճաշը` իրար հրմշտելով և ավելի հարմար դիրք ընդունելով, ընթացքում անընդհատ շարժվելով և պոչերը խաղացնելով, կատու մայրիկը սկսում է հերթականությամբ լիզել ձագուկներին, իբր թե լվացացնում է: Ավարտելով մեկի լպստոցը, նա հերթականությամբ անցնում է մյուսներին ու այդպես հերթով` իբր լվացացնում է ու մաքրում նրանց: Հետո կարծես իր արածից գոհ, նա լիզում է նաև իր մարմնի որոշակի մասերը` կարծես ձագուկներին ցույց տալով, թե ինքը ինչքան մաքրասեր էակ է: Ես նայում ու զարմանում էի բնության այդ հրաշքի վրա: Կատարելով իր առավոտյան պարտականությունները` մայր կատուն փորձում է տեղից վեր կենալ, երբ նրան է մոտենում մի նոր, ավելի խոշոր կատու` երևի ձագուկների հայրը: Ձագերը թողնում են մայրիկի կուրծքը և ճարպկորեն հարձակվումն հայրիկ կատվի վրա ու սկսվում է նրանց հետնախաճաշյան կատվախաղը: Հետո հայրիկ կատուն երևի հոգնեց, մի կերպ պոկվեց չարաճճի ձագուկներից, գնաց պառկեց ծառի ստվերում` իր կարծիքով ամբողջովին կատարած համարելով իրեն հասանելիք հայրական պարտքը:

Ես էլ ավարտելով ընտանեկան այդ հրաշալի մթնոլորտի իմ դիտարկումը գնացի գործերով:

***

Ամառն անցել էր և աշունը իր իրավունքների մեջ էր արդեն մտել: Բակում այլևս չէր երևում մայրիկ կատուն, ձագուկներն էլ մեծացել, երևի իրենց անձնական կյանքն էին կառուցել, ու կարծես անհետացել էին մեր մուտքի բակից:

Բայց մի օր էլ, երբ տուն էի շտապում ընդմիջմանը նախաճաշելու ակնկալիքով, մայթի մեջտեղում, ուղիղ իմ դիմաց, նկատեցի մի սև-գորշագույն առարկայի: Երբ ավելի մոտեցա` նկատեցի, որ ցեխի մեջ գետնատարած փռված` ամռան վերջին իմ տեսած կատվի այլանդակված, կեղտոտված, արնակալած դնչով դին էր: Նրա բերանից հոսած արյունը լճացել, չորացել էր մայթի ասֆալտի ու փոշու մեջ: Մարմինը կորցրել էր իր վաղեմի թագուհիական տեսքը: Ով և ինչպես էր պատճառ դարձել կատվի զոհվելուն, բնականաբար, ես չիմացա: Մայթով քայլող անցորդներն էլ մի պահ կանգ էին առնում, նայում էին գետնին փռված կատվի մարմնին, որից արդեն տհաճ հոտ էր բուրում, գլուխները տմբտմբացնում էին ու անտարբեր հեռանում: Երևի ինչ որ ավտոմեքենայի վարորդ անզգուշաբար նրան մեքենայի տակ էր գցել, վնասել և ընթացքից մայթի վրա էր նետել, չէ որ հիմա այդ չարաբաստիկ մեքենաները հայտնվում են ամեն տեղ` մայթերին, բակերում, նույնիսկ երեխաների խաղահրապարակներում ու հետիոտների անցնելիք խաչմերուկներում: Ցավալի է, բայց մեր առօրյան է:

Որոշ ժամանակ ապշահար նայելով նախկինում իմ տեսած թագուհիակերպ կատվի անշնչացած ու կերպարանափոխված դիակին, ես տուն շտապեցի: Տուն հասնելուն պես, անմիջապես զանգահարեցի թեժ գծին, որ գան ու կատվի դին մայթից հեռացնեն: Իհարկե, հավաստիության համար թեժ գծի մյուս ծայրում գտնվող բարեհամբույր կանացի ձայնը ջանասիրաբար հարցրեց իմ հասցեն, անձնագրիս համարը և սերիան, հեռախոսահամարը, անուն ազգանունը և խոստացավ շտապ լուծում տալ խնդրին:

Մի քանի ժամ հետո, երբ ես աշխատանքից տուն էի վերադառնում և նորից քայլում էի նույն մայթով, նկատեցի, որ կատվի դին տեղում չէ այլևս: Չեմ կարող ասել թե թեժ գիծն էր իր բարի գործը կատարել կամ ինչ որ մեկը հոգացել էր նրա տեղափոխելուն:

Մանր անձրև էր մաղում և ես ըմբոշխնելով աշնանային մեղմ եղանակի հաճելի փաղաքշանքը իմ այտերին, ակամայից մի պահ կանգ առա: Հանկարծ մայթեզրին, որտեղ կեսօրին տեսել էի գետնատարած փռված կատվի դին, քիչ հեռու, իրար կողք-կողքի նստած էին երեք ձագուկները, որոնք բավականին մեծացել, հասուն կատուներ էին դարձել: Չորրորդ ձագը չկար, բացակայում էր, ինչ իմանաս, գուցե նա էլ` ինչ որ ժամանակ արժանացել էր մայր կատվի ճակատագրին:

Ինչ որ հրաշքով` արդեն մեծացած ձագուկները իրենց բնազդով իմացել էին սիրելի մայրիկի ողբերգական վախճանը և հավաքվել էին ու միասին սգում էին նրա մահը: Անձրևը մաղում էր, իսկ նրանք արդեն թրջված մազիկներով, նույնիսկ դողդողալով նստած էին կանգառում դրված հին քարե նստարանին, որը այդպես էլ մնացել է որպես հին կարգերի արգասիք, նոր, շքեղ նստարանի կողքին ու մտածում էին գուցե թե ինչքան դաժան է այս կյանքը…

Տուն հասնելուն պես ես գրեցի մի բանաստեղծություն` ցնցված այդ տեսարանից:

 ԵՐԵՔ ԿԱՏՈՒ

Նստած էին պատի վրա երեք կատու,

Օդում կախված լուռ պատկերն էր տխուր, տրտում:

Խորհում էին` թե ինչու՞ է կյանքը դաժան,

Անբարո, վատ, այսքան էժան:

Նստած էին պատի վրա երեք կատու,

Չէ` մի կատու, լոկ կատվի ձագ ու անպաշտպան:

Իսկ երկինքը կամաց, մեղմիկ անձրև մաղում,

Նրանց փափլիկ մազիկներն էր դարձնում վահան:

 

Չէ~, ՞ինչ վահան, ցուրտը հանդարտ սողոսկում էր

Վահանից ներս, հասնում նրանց ոսկորներին:

Իսկ անձրևը վարարում էր և կայծակը որոտում էր…

Դողում էին ձագուկները, լուռ նայելով անցորդներին…

 

Ոչ ոք չուզեց նրանց վշտին տալ արձագանք,

Գրկել, տանել մի տաք անկյուն,

Մայրն էր կորել, ո՞վ պիտի տար նրանց գգվանք,

Շոյել, սիրել, տալ հանգիստ քուն:

 

Դողում էին պատի վրա երեք կատուն,

Որ չունեին ոչ հանգրվան, ոչ տուն, ոչ տեղ…

 

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930