Այն, որ Փաշինյանը գիտի, որ չի կարողանալու 44 ստորագրություն հավաքել, կասկածից վեր է։ Եվ դա ոչ միայն այն պատճառով, որ Փաշինյանը գրեթե ոչ մի շփում չունի ԲՀԿ եւ ՀԱԿ ներկայացուցիչների հետ։ Լինելով ՀԱԿ խմբակցության անդամ, նա չի մասնակցում ՀԱԿ խմբակցության նիստերին և ոչ միայն՝ քաղաքական, այլ նույնիսկ անձնային մակարդակով շփում չունի ՀԱԿ խմբակցության անդամներից շատերի հետ. այսինքն՝ չի կարող մոտենալ նրանց եւ առաջարկել միանալ իր նախաձեռնությանը։ Գրեթե նույնը կարելի է ասել ԲՀԿ խմբակցության անդամների հետ հարաբերությունների մասին։
Արժե հիշել ընդամենը 10 օր առաջ Նիկոլ Փաշինյանի եւ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի միջև տեղի ունեցած հեռակա երկխոսությունը, երբ Փաշինյանը բյուջեի քննարկման ժամանակ՝ խոսելով եռյակի կողմից բյուջեին ուղղված քննադատության մասին, հայտարարեց. «ԲՀԿ խմբակցության անդամները հայտարարում են՝ դե, գիտեք ինչ, այս կառավարությունը շատ ծանր ժառանգություն է ստացել նախորդ կառավարությունից։ Կներեք, այդ ես էի նստած նախորդ կառավարության բերած օրինագծերը շուտ-շուտ անցկացնում։ Այդ ես չէի, վարչապետի պաշտոնում գտնվող Հովիկ Աբրահամյանն էր»։
Սրան ի պատասխան՝ Միքայել Մելքումյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրեց ինչ-որ մեկի առաջադրանքը կատարելու մեջ։ «Ես չեմ գտնում ճիշտ, որ դուք ձեր առաջ առաջադրանք եք դրել, կամ էլ ձեր առաջ են դրել առաջադրանք, որպեսզի կարողանաք հարվածել եւ փոշիացնել միջավայրը»,- ԱԺ ամբիոնից հայտարարել էր Միքայել Մելքումյանը։ Այս փոխադարձ մեղադրանքները վկայում են, որ Փաշինյանի եւ ԲՀԿ-ի միջև որեւէ համագործակցություն, ըստ էության, բացառվում է:
Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում