Հայաստանի եւ Ռուսաստանի մշակույթի նախարարությունները թանգարանների թեմայով երկխոսություն են սկսել, որն անցկացվեց մեր երկրում՝ համաժողովի եւ մի շարք միջոցառումների ձեւաչափով. բավականին խոստումնալից ու վաղուց սպասված երկխոսություն, որը, ինչ խոսք, կարեւոր է թե մշակութային կոթողների պահպանության, թե դրանց ֆինանսավորման եւ թե պատմամշակութայիև արժեքներն անխաթար տեսքով ժառանգություն թողնելու տեսանկյունից։
Մեր անդրադարձը, սակայն, ոչ թե երկխոսության բուն բովանդակությանն ու ծրագրերին է վերաբերում, այլ միջոցառումների կազմակերպման տեխնիկական մի փոքր հատվածին, որի ջատագովը Հայաստանի մշակույթի նախարարությունն է։ Թեմատիկ համաժողովի մասնակիցներին ներկայացված տեղեկատվական փաթեթը, որի մեջ մամլո հաղորդագրությունից բացի նաեւ միջոցառումների ծրագիրն ու կազմկոմիտեի ցանկն էր՝ երկու երկրների մշակույթի նախարարների գլխավորությամբ, սկսվում էր ռուսերենով։ Ավելի ստույգ՝ իրազեկման առաջին լեզու էր ընտրվել ռուսերենը, որից հետո՝ հայերենը։
Տպավորությունն այնպիսին էր, ասես մշակութային երկխոսությունն անցկացվում էր ոչ թե Հայաստանում, որտեղ պետական լեզուն հայերենն է, այլ Ռուսաստանի Դաշնությունում։
Մինչդեռ նույն այդ երկրում պետական բարձր մակարդակով կազմակերպվող միջոցառումների իրազեկման փաթեթները միշտ չէ, որ օտար լեզուներ են ներառում։ Իսկ եթե ներառում էլ են, ապա ռուսերենից հետո միայն։ Այսինքն՝ այդ պետությունն արժեքային համակարգը գնահատելու այնքան բարձր նշաձող է սահմանել, որ, անկախ նրանից՝ հյուրընկալում է թե հյուրընկալվում, իրենն է առաջ մղում, իր ունեցածի հետ հաշվի նստել, իրենը գնահատել ու արժևորել է պարտադրում։
Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում