Կիպրոսի մայրաքաղաք Լիմասոլում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում հայաստանցի 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը երեկ նվաճեց այդ տարիքային խմբի Հին Աշխարհամասի փոխչեմպիոնի տիտղոսը:
Պոկում վարժությունում հայ ծանրորդը 107 կիլոգրամով ցույց տվեց չորրորդ արդյունքը, իսկ հրում մրցաձեւում բարձրացնելով 145 կիլոգրամ կշռող ծանրաձողը՝ արժանացավ փոքր ոսկե մեդալին: Այդուհանդերձ, երկամարտում Սմբատ Մարգարյանը 252 կիլոգրամով բավարարվեց արծաթե մեդալով: Նա չորս կիլոգրամով զիջեց հաղթող ճանաչված իսպանացի Ժոզե Բրախիին:
Նախորդ օրը մրցահարթակ էին մտել 20 տարեկանների 62 կգ քաշայիններ Րաֆֆի Գալստյանը (252=110+142) եւ Գեւորգ Բաղդասարյանը (247=105+142): Երկամարտի արդյունքով նրանք, համապատասխանաբար, զբաղեցրել են 7-րդ եւ 10-րդ հորիզոնականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ