Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր՝ նոյեմբերի 24-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ ադրբեջանական զինուժի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի հոգեհանգստի արարողությունը:
Լրագրողների հետ զրույցում Ավիացիոն զորամասի շտաբի պետի տեղակալ մայոր Վաչագան Ստեփանյանը մի քանի բառով ներկայացրեց զոհվածներին. «Սահակյան Սերգեյին՝ ուղղաթիռի հրամանատարին, ճանաչում եմ 21 տարի, հոյակապ անձնավորություն էր, բարձր ինտելեկտով օժտված, մեծ վարպետությամբ օդաչու էր: Նազարյան Սարգիսը զորամասում ծառայում էր երեք տարուց ավելի, Ռազմական ինստիտուտն ավարտել էր կարմիր դիպլոմով, ուներ մեծ գիտելիքներ, իրեն առաջարկել էին դասախոսել ավիացիոն ինստիտուտում, սակայն նա հրաժարվել էր, քանի որ սիրում էր ավիացիոն տեխնիկան, սիրում էր թռչել: Սահակյան Արշակը շուրջ մեկ տարուց ավելի ծառայում էր ավիացիոն զորամասում: Միշտ իր երազանքներից մեկն էր, որ մասնակցի զորավարժություններին եւ, հատկապես, Արցախում, իր երազանքն էլ այդպես ստացվեց…»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Լրագրողների հարցին՝ արդյո՞ք այս միջադեպը եւ իրականացված հատուկ օպերացիան կդառնան սահմանում լարվածության առաջացման պատճառ, մայոր Վաչագան Այվազյանը պատասխանեց. «Հակառակորդը միշտ եղել է նենգ, եղել է այն հակառակորդը, որը ունակ է միայն գիշերը կացնով մարդ սպանելու, եթե նա կարողանար հրադադարի խախտման դեպքում հասնել շոշափելի արդյունքների, նա կաներ»:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ