Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի սաները այս տարի էլ կշարունակեն մարզվել չջեռուցվող դահլիճում

Նոյեմբեր 24,2014 22:21

Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի սաները տարիներ շարունակ տարվա ցուրտ ամիսներին մարզվում են չջեռուցվող դահլիճում: Մարզադպրոցի ջեռուցման խնդրի մասին բազմիցս է բարձրաձայնվել, բայց մինչեւ օրս անհրաժեշտ գումարներ չի գտնվել ջեռուցման խնդիրը լուծելու համար, ուստի այս տարի էլ մարզիչներն իրենց սաների հետ կշարունակեն պարապմունքներն անցկացնել ցուրտ մարզադահլիճում: Մարզադպրոցի ջեռուցման խնդրի մասին մարզիչները բարձրաձայնել են նաեւ օգոստոս ամսին Կապան այցելած սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ կայացած հանդիպման ժամանակ`

Մարզադպրոցը չի ջեռուցվելու ոչ այս ձմռանը, ոչ էլ` եկող տարի: Այս մասին տեղեկացանք Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանից: Նրա խոսքով` եկող մեկ տարվա ընթացքում մարզադպրոցի ջեռուցման խնդիրը լուծելու որեւէ ծրագիր չկա, պատճառը` ֆինանսական միջոցների բացակայությունն է: Այս տարի համայնքային բյուջեով եւ Քաունթերփարթ ինթերնեյշնլ միջազգային կազմակերպության միջոցներով` ընդհանուր 21 մլն 684 հազար դրամով նորոգվել եւ վերազինվել է մարզադպրոցը, բայց ջեռուցում ապահովելու համար գումարներ չգտնվեցին:

marzadproc

«Այն 21 մլն դրամը, որ ծախսվեց դպրոցի վրա, խիստ անհրաժեշտություն էր, որովհետեւ դպրոցի հիմքերը խարխուլ էին, լուրջ վթարային իրավիճակ էր ստեղծվել, մինչեւ ջեռուցման խնդրին անդրադառնալը` մենք հարկ համարեցինք դպրոցի հիմքը կարգի բերել: Դպրոցը մասնակի նորոգման ենթարկեցինք. նորոգվեցին սանհանգույցները, հանդերձարանները, փոխվեցին լուսամուտներն ու դռները, ինչը թույլ տվեց ձմռանը չդադարեցնել պարապմունքները, պրոցեսը շարունակել»,- ասաց Կապանի քաղաքապետը եւ հավելեց, որ ջեռուցման խնդիր կա նաեւ քաղաքի մյուս` Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցում: Թեեւ տվյալ մարզադպրոցը ջեռուցման կաթսա ունի, բայց այն չի շահագործվում, քանի որ ջեռուցում ապահովելու համար կրկին գումար չկա:

«Մենք միջոցներ ենք տրամադրում եւ կառուցում ջեռուցման կաթսա, դրանք մեծ գումարենր են պահանջում, այնուհետեւ մենք չենք կարողանում ջեռուցման խնդիր լուծել, նաեւ ֆինանսկան միջոցների սակավության պատճառով դա չեմ համարում տեղին ներդրում:

Առաջիկա մեկ տարվա ընթացքում Կապանի  մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոց ջեռուցման կաթսա տեղադրելու խնդիր դեռեւս չենք դրել: Այն դպրոցներում, որտեղ ունենք ջեռուցման հնարավորություն եւ չենք իրականացնում, առաջնահերթ, այդ միջոցները կուղղվեն կաթսայատուն ունեցող դպրոցների ջեռուցմանը»,- նշեց Աշոտ Հայրապետյանը:

Կապանի  մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Լուսինե Առստամյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ շուրջ 24 տարի է աշխատում է մարզադպրոցում, դրանից առաջ էլ տարիներ շարունակ մարզվել է չջեռուցվող դահլիճում: Զրուցակիցս փաստում է, որ ցրտերն ընկնելուն պես երեխաների հոսքը նվազում է, ծնողները երեխաներին պարապմունքների չեն ուղարկում, քանի որ ցուրտ պայմաններում մարզվելուց հետո մրսում ու հիվանդանում են:

«24 տարի է աշխատում եմ արդեն այս պայմաններում: Ցրտերն ընկնելուն պես` դահլիճի խոնավությունը զգացվում է, այդ ամենը մարզիչներիս վրա էլ է անդրադառնում: Ես ժամը 14:00-ից մինչեւ 20:00-ն այստեղ եմ լինում` փոքրերի, միջինների ու մեծերի խումբ ունեմ, ամենակրտսեր սանս 3 տարեկան է:  Երեխաներին չենք թողնում մի վայրկյան կանգնեն, ստիպում ենք շարժվել, իրենց հետ ցատկում ենք, խաղերի տեսքով վարժություններ ենք կազմակերպում, որ տաքանան: Եղանակները ցրտելուն զուգահեռ` հաճախողների թիվը նվազում է, երեխաները սկսում են շատ բացակայել, իսկ 1 օրվա բացակայությունն անգամ անդրադառնում է երեխայի մարզական պատրաստվածության վրա. մկանները փակվում են, էլ չասեմ մեկ շաբաթվա կամ մեկ ամսվա բացակայության մասին: Պարապմունքների բացթողումն էլ իրենց հերթին անդրադառնում են մրցումների արդյունքների վրա», -ասաց մարզիչը եւ հավելեց, որ բացի ջեռուցման խնդրից` այլ դժվարությունների էլ են բախվում:

Ֆինանսական խնդիրների պատճառով` սաները բազմաթիվ մրցումների չեն կարողանում մասնակցել, մայրաքաղաքից հեռու գտնվելով` ծրագրերից հետ են ընկնում, մարզիչներն էլ վերապատրաստման տարբեր դասընթացների մասնակցելու հնարավորություն միշտ չեն ունենում եւ այլն:

«Մրցումների ժամանակ ենք իմանում նոր ծրագրերի մասին:  Երեւանում երեխաները գումար գտնում են` Եվրոպա գնալու համար, իսկ մեր երեխաները նույնիսկ Գյումրիում անցկացվող միջազգային մրցումների մասնակցելու համար գումար չկարողացան գտնել: Դիմում ենք տարբեր հովանավորների, քաղաքապետարանն է ֆինանսավորում, բայց բազմաթիվ մրցումների մասնակցելու հնարավորությունից էլ զրկվում ենք: Պետք է երեխաները գնան մասնակցեն, իրենց աչքով տեսնեն, ոգեւորվեն, ուզենան ավելի մեծ բարձրունքների հասնեն, իսկ Կապանում պայմանները բավարար չեն այդ ամենի համար: Մեր սպորտաձեւը շատ մանրուքներ է պահանջում…», – հավելեց Լուսինե Առստամյանը եւ նշեց, որ անկախ սուղ պայմաններից ու եղած հնարավորություններից` Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի սաները բոլոր ժամանակներում հաջողություններ են գրանցել եւ լավ արդյունքներ ապահովել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930