Լրահոս
Օրվա լրահոսը

2013- 2014թթ. զորակոչերի ընթացքում զինակոչիկների իրավունքների վիճակի մասին զեկույց (Տեսանյութ)

Նոյեմբեր 24,2014 17:59

«Մեդիա կենտրոն», նոյեմբեր 24, 2014թ.: 2013 թվականի ձմեռային և 2014 թվականի ամառային զորակոչերի ժամանակ արձանագրված խախտումները թույլ են տալիս փորձագետներին պնդել, որ զինակոչիկները չունեն իրավական հնարավորություններ իրենց ոտնահարված իրավունքների վերականգնման համար:

«ՀՀ պաշտպանության նախարարության 410 հրամանը պետք է դառնա ՀՀ Զինապարտության մասին օրենքի բաղկացուցիչ մասը, որ գոնե որևիցե մեկը համարձակվի բողոքարկել այդ իրավական փաստաթուղթը դատական ատյաններում», – ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Բանախոսի համոզմամբ` զինակոչի ժամանակ դատաբժշկական հանձնաժողովի որոշումների բողոքարկման աստիճանը շատ ցածր է, և եթե լիներ գոնե մեկ նախադեպ, որ անձը համաձայներ անգամ զորակոչվելուց հետո բողոքարկել, կարձանագրվեր առաջընթաց:

Ասուլիսի բանախոսներն էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, նույն գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանն ու բժիշկ-փորձագետ Վարդան Համբարձումյանը:

Ասուլիսի ամբողջական տեսագրությունը

«Զորակոչի ժամանակ արձանագրված խախտումները միայն օրենսդրական բացի արդյունքում չեն առաջացել, այլ դրանք իրավակիրառ պրակտիկայի խախտումներ են: Եթե անգամ գոյություն ունի որևէ իրավական ակտ, դա չի կիրառվում», – նշեց Արմինե Սադիկյանը:

Վարդան Համբարձումյանի դիտարկմամբ` ՀՀ պաշտպանության նախարարության 410 հրամանը չունի դրույթներ, որոնք կսահմանեն մի շարք հիվանդությունների ծանրության աստիճանների չափանիշները: «Կա ֆունկցիայի խանգարման որոշման չափանիշի սուբյեկտիվություն», քանի որ բժիշկն ինքն է որոշում, թե զորակոչիկի որևէ ֆունկցիա ինչքան է խախտված:
Արմինե Սադիկյանը հավելեց, որ 2013 թվականի ձմեռային եւ 2014 թվականի ամառային զորակոչերի ընթացքում զինակոչիկների իրավունքների վիճակի մասին զեկույցում ներկայացրել են դեպքեր, երբ զորակոչիկին 3-րդ անգամ տարկետում տալով հանդերձ` ծառայությունից ազատելու փոխարեն 4-րդ անգամ են տալիս տարկետում, ինչն օրենքի խախտում է:

Բանախոսը նշեց, որ իրենց դիմած 26 անձանցից 11-ը ստացել են բանավոր խորհրդակցություն, իսկ 15-ին տրվել է հանգամանալից իրավական աջակցություն, ինչի արդյունքում այս պահի դրությամբ մեկ զորակոչիկ ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, իսկ մյուս վեցը ստացել են տարկետում:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչների համոզմամբ` զորակոչերի ժամանակ ոչ թե գանգատների, այլ համալիր բժշկական զննության հիման վրա պետք է տրվի եզրակացություն, քանի որ սխալ է առաջնորդվել միայն տվյալ պահի առողջական վիճակի գնահատմամբ: Իսկ զորակոչը պետք է կանոնակարգվի ոչ թե իրավական ակտով` ՀՀ ՊՆ 410 հրամանով, այլ համապատասխան օրենքով:

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930