Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի 17-ամյա բնակիչ Արմեն Աբովյանը նոյեմբերի 2-3-ը Ճապոնիայի Չիբա քաղաքում մասնակցել է կիոկուշին-կայ մարզաձեւի աշխարհի առաջնությանը,որտեղ իրենց ուժերն են չափել աշխարհի 40 երկրների մարզիկներ: Արմեն Աբովյանը դարձել է աշխարհի չեմպիոն:
Նա 2012թ. եւս նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, 2 անգամ էլ դարձել Եվրոպայի չեմպիոն: Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ նոյեմբերի 24-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ընդունել է Արմեն Աբովյանին եւ նրա մարզիչ Արմեն Կիրակոսյանին, շնորհավորել հաղթանակի կապակցությամբ: Մարզպետի հանձնարարականով Նոյեմբերյան քաղաքում պայմաններ կստեղծվեն,որպեսզի Արմեն Կիրակոսյանը Բագրատաշենից զատ այնտեղ մարզչական գործունեություն ծավալի:
Աշխարհի կրկնակի չեմպիոն Արմեն Աբովյանը Բագրատաշենում բնակվում է փոքր վագոն-տնակում: Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանը հայտնեց, որ Արմենի ավագ եղբայրը, որպես ժամկետային զինծառայող, ծառայում է ազգային բանակում, հայրը տաքսի մեքենա է վարում: Գյուղապետի խոսքերով՝ մարզպետը ըստ հնարավորի աջակցություն կցուցաբերի Արմեն Աբովյանին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքից