Նոյեմբերի 24-30-ը արվեստասերները հնարավորություն ունեն Նարեկացի արվեստի միությունում վայելելու Էդուարդ Բագրատունու բացառիկ ցուցահանդեսը: «Յավուրյան» ստուդիայի եւ Նարեկացի Արվեստի միության այս նախաձեռնությունը նվիրված է լուսանկարչի ծննդյան 60-ամյակին:
Ցուցահանդեսը ներառում է Էդուարդ Բագրատունու ստեղծագործական շարքերից նմուշներ՝ դիմանկարներ, կոմպոզիցիաներ, գեղարվեստական ու վավերագրական աշխատանքներ ՝ ժապավենային տպագրությունից մինչ թվային լուսանկարչություն:
Aravot.am-ի հետ զրույցում Էդուարդ Բագրատունին մեկնաբանելով ցուցահանդեսի՝ «Հատվածը որպես ամբողջ» խորագիրն ասաց. «Խորագիրն այդպես է ընտրված, որովհետեւ մենք տիեզերքի մի փոքր կտոր ենք, բայց հատված չենք, ամբողջություն ենք կազմում, նաեւ ամբողջի էլ հատվածն ենք: Մենք ինքներս այդպես ենք ապրում… Մոլեկուլի մեջ ամբողջ օրգանիզմի ինֆորմացիան կա»,-ասաց արվեստագետը:
Մեր հարցին՝ այսօր որակյալ ֆոտոխցիկ ունեցող յուրաքանչյուր ոք իրեն լուսանկարիչ է համարում, ո՞րն է լուսանկարչության իր բանաձեւը, Էդուարդ Բագրատունին պատասխանեց. «Իհարկե բոլորն ունեն տեսախցիկ, անգամ ամեն հեռախոսի մեջ կա ֆոտոխցիկ: Սակայն ուրիշ բան է նկարել արտաքինը, ես փորձում եմ բովանդակային խնդիր լուծել եւ տարբեր լինել…Լուսանկարչությունը արտաքին տեսքը չէ, այլ այն է, ինչ մնում է դրանից հետո, անգամ պատկերը կարող ես չհիշել, բայց զգացողությունը քեզ մոտ մնա: Օրինակ, երբ ասում ենք «Էմալե պրոֆիլը ձեր» գուցե մինչեւ վերջ չհիշենք էլ այդ բանաստեղծությունը, բայց հենց գեղեցիկ կիսադեմ տեսնենք , հիշում ենք Չարենցին»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ