Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեսպան. «Մենք տնտեսական շահեր ունենք Ադրբեջանում եւ մենք էլ ենք շահագրգռված, որպեսզի հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով»

Նոյեմբեր 24,2014 17:25

«Եվրամիությունը բարդ եւ դժվար հասկանալի բյուրոկրատիա է»,-այսպես ներկայացրեց Եվրամիությունը Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչը այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպված դեսպանական դասախոսությունների շարքի երկրորդ դասախոսության ընթացքում:

Դեսպաը նախ ներկայացրեց այն խնդիրները, որոնք առկա են Եվրամիության ներսում. «Չկա կոնսենսուս Եվրամիության վերջնական նպատակակետի շուրջ: Որոշ մարդիկ հստակ պատկերացում ունեն այն մասին, որ Եվրոպայի դաշնայնացումը լավ ուղի կլինի: Իսկ մեկ այլ խումբ էլ, որոնց մեջ Բրիտանիան է, կարծում է, որ պետք է հնարավորություն ընձեռել ԵՄ պետություններին ընտրել ինտեգրման այն մակարդակը, որը նրանք ուզում են»:

Դեսպանը վստահ է, որ Եվրամիության ներսում հաջողությունները կախված են ավելի լայն շուկաների հետ կապեր ձեռք բերելուց՝ չնայած նրան, որ շատ աշխատանք է տարվել երկրների միջեւ սահմանները վերացնելու, միասնական տնտեսական տարածք ստեղծելու համար:

Դեսպանը այնուհետեւ անդրադարձավ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին եւ նշեց, որ Եվրամիությունը Հայաստանին տվել է 40-50 մլն եվրո գումար, որը գնում է պետական բյուջե. «Սակայն ԵՄ-ն հստակ համաձայնության է եկել Հայաստանի կառավարության հետ, որ կշարունակի գումար տրամադրել, եթե շարունակեն բարեփոխումներ իրականացնել»:

Քեթրին Լիչը, անդրադառնալով Հայաստանի ընտրությանը՝ դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, տեսակետ հայտնեց, որ Հայաստանն ազատ է իր ընտրության մեջ եւ ունի իրավունք ասելու, որ հրաժարվում է բարեփոխումներ իրականացնելու հնարավորությունից, որ տալիս է Եվրամիությունը. «Ռուսաստանը այնպիսի քաղաքականություն ընտրեց, որով նա ցանկացավ ստեղծել իր սեփական տնտեսական տարածքը: Այն երկրները, որոնք ցանկանում են դառնալ ԵՏՄ անդամ, դա իրենց ցանկությունն է: Ազատ ընտրության օրինակ է այն, ինչ կատարվում է Ուկրաինայում վերջին մեկ տարվա ընթացքում»:

Քեթրին Լիչի խոսքով՝ անակնկալ էր բոլորի համար այն, որ անցյալ տարի սեպտեմբերի 3-ին Հայաստանն ընտրեց դեպի Մաքսային միություն գնալու ճանապարհը: Դեսպանը վստահ է, որ շատ աշխատանքներ էր տարվել այն վեց երկրների հետ, այդ թվում եւ Հայաստանի հետ, որոնք պետք է ստորագրեին ասոցացման համաձայնագիրը: Սակայն նա կրկնեց, որ դա Հայաստանի ընտրությունն է. «Հայաստանը պետք է միշտ հիշի, որ Եվրամիությունը այնպիսի բարդ կազմակերպություն է, որը գործ ունի ե՛ւ անդամ երկրների ներքին քաղաքականության հետ, ե՛ւ ցանկանում է լայն տնտեսական հարաբերություններ հաստատել աշխարհի բոլոր երկրների հետ, ե՛ւ ժողովրդավարության հաստատման, կոռուպցիայի վերացման գործընթացում լայն աշխատանքներ է տանում: Լավագույն մեթոդը Եվրամիության հետ համագործակցելու համար՝ իմանալ, թե ինչ ես դու ուզում»: Դեսպանը հուսով է, որ հաջորդ տարվանից Հայաստանը իր համագործակցության տարածքը ավելի կհստակեցնի:

Դասախոսության ընթացքում դեսպանը նաեւ անդրադարձավ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ուղղաթիռի խոցման դեպքին եւ այն հանգամանքին, թե ինչպիսի արձագանք պետք է տան միջազգային կազմակերպությունները եւ հատկապես Մեծ Բրիտանիան խնդիրը հարթելու համար, այն դեպքում, երբ Բրիտանիան սերտ տնտեսական հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ: Դեսպանը նշեց, որ Բրիտանական British Petrolium ընկերությունը մեծ ներդրումներ ունի Ադրբեջանում 1994 թվականից. «Ինձ միշտ տալիս են այն հարցը, թե ի՞նչ դեր է այդ հանգամանքը խաղում Կովկասում: Մեր պատասխանն այն է, որ մենք տնտեսական շահեր ունենք Ադրբեջանում եւ այդ պատճառով մենք էլ ենք շահագրգռված, որպեսզի այդ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով: Իհարկե, այն ամենը, ինչ կատարվեց օգոստոս ամսին, ռազմական գործողությունների վերսկսումը տնտեսական հարաբերությունների վրա կազդեն: Սակայն պետք է միշտ հարցը լուծել խաղաղ ճանապարհով, գնալ քաղաքական կոմպրոմիսների»:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930