Վերջերս քանդել են Երևանում գտնվող 19-րդ դարի սկզբին կառուցված Աբաս-Միրզա մզկիթի վերջին կտորը` մույթը: «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ը խուսափում է որակումներ տալ այս արարքին: Մի քանի դիտարկումներ, սակայն, չափազանց կարևոր են: Ի թիվս բազում այլ իսլամական կառույցների` Աբաս-Միրզայի մզկիթը, ներառված էր ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների ցանկում և գտնվում էր նրա ուղղիղ հոգածության ներքո: Բացի դա` աշխարհագրորեն այն տեղակայված էր ուղիղ քաղաքապետարանի դիմաց` մի գողտրիկ անկյունում (Խորհրդարանի փող. 40):
Ակնհայտ է, որ նշված գործոնները որևէ կերպ չեն խոչընդոտել Փակ շուկայից կամ Աֆրիկյանների շենքից նկատելիորեն ավելի հին մշակութային կառույցի վերջին կտորը քանդելու գործին: Տեղի ունեցածի մասին ՀՀ Մշակույթի նախարարությունում տեղեկացել են «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ի ղեկավարի զանգ-հարցման շնորհիվ: Մշակութային ժառանգության վարչությունից նրան հայտնել են, որ անմիջապես համապատասխան նյութեր կպատրաստեն և կդիմեն դատախազություն: Սակայն ինչպես ասում են. «Եղածը եղած է» և ինչ-որ իմաստով կենտրոնի այս արձագանքն անգամ ուշացած է:
Հաշվի առնելով տեղի ունեցածը` «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ը կոչ է անում պատկան մարմիններին և այլ մտահոգ ուժերին լուրջ հոգածության տակ առնել և վերանորոգել ՀՀ ողջ տարածքում` ներառյալ Արցախում, առկա բոլոր իսլամական հոգևոր-մշակութային կառույցները: Հավատացած ենք, որ դրա համար և անհրաժեշտ միջոցներ կգտնվեն և գիտակից պետական այրեր ու գործարարներ: Ավելորդ ենք համարում նշել նման նախաձեռնության քաղաքական, մշակութային, հոգևոր և տուրիստական կարևորության մասին:
Կարդացեք նաև
Այս առիթով տեղին է հիշել, որ ոչ վաղ անցյալում Շարժայի մուսուլման շեյխ-կառավարիչ՝ Սուլթանբին Մոհամմադ Ալ Քասիմին իր բարի կամեցողությամբ և սեփական միջոցների հաշվին Հայաստանում ֆինանսավորեց Հաղարծին վանական համալիրի հիմնանորոգումը:
Կից ներկայացնում ենք Աբաս-Միրզա մզկիթի աստիճանական ոչնչացումը փաստող մի քանի լուսանկարներ և մշակույթի նախարարության համապատասխան կայքէջի հղումը:
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ