Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ դիվանագետները բացասական իմիջ են ստեղծում Հայաստանի մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 24,2014 17:00

Այսօր ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ցավոտ մի քանի հարց բարձրացրեց ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խոցված հայկական ուղղաթիռի վերաբերյալ. նախ` օդաչուները հետմահու պարգեւատրվեցին` նրանք գիտեի՞ն ուր էին գնում, թե՞ կարծում էին պարզ զորավարժության էին գնում:

Այսօր «Հայելի» ակումբում տիկին Խառատյանը նաեւ հարց բարձրացրեց` արդյոք հաշվարկվա՞ծ էր ռիսկի աստիճանը, որքանով էր հաշվարկված եւ որքանով էր նպատակային այդ թռիչքը, ամեն օր սահմանագծին կրակոցներ են լինում, այս իրավիճակում ուղղաթիռը հայտնվում է շփման գծում. «Պաշտպանության նախարարությունը պետք է պատասխանի հանրությանը»:

Գնահատելով միջազգային կառույցներին, տիկին Խառատյանը նկատեց, որ կրավորական վերաբերմունք է ցուցաբերվել խնդրի շուրջ. «Ի՞նչ է նշանակում Ադրբեջանը չի թողնում մոտենալ դեպքի վայրին, Ադրբեջանը չի թողնում շատ երկար ժամանակ, չի թողնում գնալ տեսնել ինչպես են Ջուղայի խաչքարերը ջարդում, տեղը զինվորական պոլիգոն կառուցում: «Ադրբեջանը չի թողնում» հայտարարությունը դառնում է նորմալ, մինչ Ադրբեջանը չի թողնում, այդ բարբարոսությունները դառնում են նորմալ»: Իսկ երբեւէ Հայաստանը թույլ չի՞ տվել ԵԱՀԿ-ին վիճելի տարածքներում որեւէ բան անելու. նկատեց ազգագրագետը եւ ավելացրեց` Հայաստանում անընդհատ ստուգում են, թե պաշտպանական գոտու բնակության տարածքները` ով իրավունք ունի ապրելու, ով` ոչ եւ այլն:

Տիկին Խառատյանի դիտարկմամբ` հայկական դիվանագիտությունը, մեղմ ասած` համարժեք չի դրսեւորում իրեն, ոչինչ չի անում:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, կրոնագետ Վարդան Խաչատրյանն էլ ասաց, որ խոցված ուղղաթիռի հետ կապված ռուսական մամուլի արձագանքը հայանպաստ էր, իսկ միջազգային կառույցների արձագանքը շատ սառն էր ու այդպես էլ պետք է լիներ, քանի որ միջազգային պաշտոնյաներին Ադրբեջանը ֆինանսավորում է: Տիկին Խառատյանը միջամտեց, եւ հստակեցրեց` միջազգային հանրություն ասվածը անդեմ բան չէ, Ղարաբաղի հակամարտությամբ զբաղվում է կոնկրետ ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ հայկական դիվանագիտական մեխանիզմը պիտի՞ աշխատի, որպեսզի միջազգային կառույցներն անդրադառնան այդ խնդրին:

Գնահատելով ՀՀ արտաքին գործերի նախարարության պահվածքն ու դիվանագիտական աշխատանքը, տիկին Խառատյանը բացասական որակեց եւ հիմնավորեց. «Ես պահանջում եմ այս երկրից իմ երկրի քաղաքացիների զոհվելու դեպքում պաշտոնական ներկայացուցիչներն իրենց առաքելությունը կատարեն. բավական է արդեն: Վարշավայում ԵԱՀԿ հանդիպումների ժամանակ, մի քանի անգամ հարց բարձրացրեցի էլի Նախիջեւանի մասին, ինձ վերջապես պատասխանեցին` այս հարցերը ձեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգում չկան: 2 տարի առաջ այսքան փախստականներ ունեցող երկիր Հայաստան եկավ ՄԱԿ-ի հանձնակատարը, որը հանդիպեց միայն նախագահի հետ: Հաջորդ օրը հայտարարեց, որ Հայաստանը փախստականների վերաբերյալ քաղաքական որեւէ պահանջ չունի: Հետո ստեղից-այնտեղից իմացանք, որ խոստացել է 50 միլիոն դոլար փախստականների խնդիրը լուծելու համար, հիմա 50 ցենտ էլ չենք ստացել»:

Մանրամասն` տեսանյութում

Aravot.am-ի այն հարցին՝ միջազգային կառույցների անտարբեր վերաբերմունքը խոցված ուղղաթիռի վերաբերյալ արդյո՞ւնք է, որ Հայաստանն ընտրեց Եվրասիական տնտեսական միությունը, տիկին Խառատյանն ասաց. «Պետք է ասեմ, որ մեր ամենաթունդ եվրոպամոլության շրջանում նույն դիրքորոշումն էր: 2-րդ` սա ավելի շատ վատ է ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի համար, մեծ հաշվով սա թուրքական քաղաքականություն է, նրանք Թուրքիայի հետ են կողմնորոշվում խնդիրներում: Պատահակա՞ն են ձեզ համար, որ ՄԱԿ-ի մի քանի եվրոպական գրասենյակներ տեղափոխվում են Ստամբուլ, մի երկիր, որը այսօր իսլամական պետության ագրեսորներին զինում է, ֆինանսավորում է, եւ այլն: Սա խոհեմ քայլ չէ ԵՄ-ի համար, ես սա կապում եմ ԵՄ-Թուրքիա սիլիբիլիով ու առեւտրով»:

Մանրամասն` տեսանյութում

Վարդան Խաչատրյանն էլ նշեց, որ Ադրբեջանն այդ կառույցների համար ավելի գերադասելի է, քան Հայաստանը, քանի որ Ադրբեջանը նախ էներգակիր երկիր է, ամենամեծն է Անդրկովկասում, եւ այս առումով Հայաստանի

դիվանագիտությունը պետք է ակտիվանա, որպեսզի հակակշիռ լինի:

Մանրամասն` տեսանյութում

Տիկին Խառատյանն էլ նկատեց, որ մեր դիվանագետները բացասական իմիջ են ստեղծում Հայաստանի եւ ազգի մասին. «Ինչքան կարելի է նրանց էդ առեւտուրները` ժամացույցի, ամառանոց են գնում, տղայի համար մեքենա են գնում, այս ամենը բացասական է ազդում»:

Մանրամասն` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930