Դատական դեպարտամենտի գործով այսօր դատարան էին հրավիրվել 13-ից ավելի վկաներ, որոնցից յուրաքանչյուրի ցուցմունքը զավեշտի էր վերածվել։ Վկա Արթուր Նազարյանը հայտնեց, որ 2011 թ. նոյեմբերի կեսերին դիմել է «դատական կարգադրիչների վարչություն», սակայն փաստաթղթեր չի ներկայացրել, աշխատավարձ է ստացել, հետո նրան փետրվարին կանչել են եւ աշխատանքից ազատել։ Ցուցմունք տալու ժամանակ պարզվեց, որ նա ճանաչել է ոչ թե Արմեն Ավագյանին, այլ դատական դեպարտամենտի առաջին տեղակալ Գեղամ Գրիգորյանին, եւ նրա մոտ է գնացել եւ գրել ազատման դիմում։
Երբ դատարանը հարցրեց՝ դահլիճո՞ւմ է Գեղամ Գրիգորյանը, վկան պատասխանեց առանց նրա կողմը նայելու. «չեմ հիշում»: Տիգրան Աթանեսյանի հարցին, թե՝ փաստաբանի ներկայությա՞մբ եք հարցաքննվել, պատասխանեց՝ ոչ։ Տիգրան Աթանեսյանը խնդրեց, որ վկան կարդա իր ցուցմունքը։ Վկան մի կերպ կարդաց, այնուհետեւ նույն այդ վկան, երբ հրապարակվել էր իր ցուցմունքը, հայտնեց, որ քննիչն է հուշել, ինչը դատախազը վերծանեց այսպես՝ «օգնեց հիշել իրականում տեղի ունեցածը»;
Ի վերջո, դատարանին հետաքրքրում էր, թե ում հետ է շփվել վկան. «Գեղամի հետ, ցավդ տանեմ»:
Վկա Լիլի Աբեթյանը գնացել է ամուսնու հետ աշխատանքի անցնելու խնդրանքով, կարգադրիչների պատասխանատու Գեղամ Գրիգորյանի մոտ։ Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալն այդ ժամանակ աշխատանքի չի եղել։ «Ի՞նչ էիք ուզում աշխատել»,- հետեւեց հարցը։ Վկան դժվարացավ պատասխանել։ Այս անգամ միջամտեց դատավորը. «Ինչո՞ւ էիք դիմել, դատավո՞ր էիք ուզում դառնալ»; Բարձրագույն կրթությամբ այս վկան ասաց, որ իր համար պետք էր որեւէ աշխատանք, բայց չկար։ Ամուսինը՝ Արման Զախոյանը աշխատում էր դեպարտամենտում, եւ չի հիշում, թե ամուսինն է գրել դիմումը, թե ոչ։
Մեկ այլ վկա էլ էր հրավիրվել այս գործով դատարան՝ Զառա Թադեւոսյանը, որն ապրում էր Ռուսաստանի Դաշնությունում եւ տեղյակ չէր, թե ինչո՞ւ են իրեն հրավիրել դատարան։
Վկաներից Լիանա Հայրապետյանը հայտնեց, որ ցուցմունքը տվել է ամուսնու հետ համատեղ, եւ ինքը որևէ մեկին չի ճանաչում, ամուսինն է ասել Գեղամ Գրիգորյանի մասին քննիչի մոտ, հայտնել էր նաեւ, որ Ղարաբաղից է։
Ուսանող Հայկ Գրիգորյանը 2011-ին դիմել է դատական դեպարտամենտ, մեկ տարի հետո նրան զանգել եւ ասել են, որ գործից ազատված է. «Ճիշտն ասած՝ զարմացած էի, երբ հարցերին չպատասխանեցին։ Ճիշտն ասած՝ գումար չեմ ստացել, միայն իմ հաշվին 40000 դրամ է եղել, որն օգտագործել եմ»;
Զավեշտալի վկաներից մեկն էլ 11-րդն էր, որը դատական կարգադրիչի համազգեստով հորը չի տեսել, սակայն թե ինչո՞ւ են իրեն վկա ճանաչել, պարզ «չդարձավ»;
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ