«Կարծում եմ` 2015-ը կլինի հանգուցալուծման տարի»,- այսօր` նոյեմբերի 24-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
2014 թվականի ընթացքում տեղի ունեցած ամենամեծ փոփոխությունը, ըստ նրա, Եվրասիական տնտեսական միության համաձայնագրի ստորագրումն է: Նրա խոսքերով` Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը բազմաթիվ անհայտներ ունի եւ շատ անհասկանալի բաներ կան նաեւ Հայաստանի գործընկերների համար. «Ես Եվրասիական տնտեսական միությունից մեծ ակնկալիքներ չունեմ, կարծում եմ` Հայաստանի տնտեսական վիճակը կբարդանա, դրա նախանշաներն արդեն ակնհայտ են` Ռուսաստանում վատացող տնտեսական վիճակը, գումարած դրան նաեւ Ռուսաստանի դեմ շարունակվող եւ սաստկացող պատժամիջոցները, որոնք, ըստ էության, նաեւ մեր դեմ են»:
Արա Պապյանի կանխատեսմամբ` եթե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չեղյալ հայտարարի ցյուրիխյան արձանագրությունները, այդ դեպքում հնարավոր է, որ հայ-թուրքական հարաբերությունները տեղափոխվեն մեկ այլ քաղաքական հարթություն. «Իսկ եթե արձանագրությունները չեղյալ չհայտարարվեն, ամենայն հավանականությամբ ապրիլից առաջ թուրքերը ինչ-որ պատրանքային քայլ կկատարեն` ցույց տալու համար, որ հարաբերությունները լավացնում են, բայց մենք պարզապես ոչինչ չենք շահի: Չեմ բացառում, որ արձանագրություններից մեկը վավերացվի, մեկը չվավերացվի, ըստ էության, աշխարհի վրա տպավորություն ստեղծվի, որ արձանագրությունները վավերացված են հիմա Հայաստանը ինքը պետք է քայլեր ձեռնարկի, բայց արձանագրությունները չեն վավերացվի, եւ մենք կհայտնվենք ծանր իրավիճակում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ