Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ (Թբիլիսյան խճուղի) տեղի ունեցավ ՀՀ քաղաքացիներ Արման Սահակյանի, Գրիգոր Գևորգյանի և Հովհաննես Մկրտչյանի ընդդեմ «Իրավունք» թերթի և նույն թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի նախնական դատական նիստը:
Նիստի ընթացքում հայցվորների ներկայացուցիչ Մարո Խաչատուրյանը ներկայացրեց նախապես ներկայացված հայցի հիմքի և առարկայի փոփոխումը, որի կրկնօրինակները հանձնվեցին Դատարանին և պատասխանող կողմին: Պատասխանող կողմը ժամանակ խնդրեց ծանոթանալու նոր հայցի հիմքերին և առարկային, որից հետո հաջորդ դատական նիստը նշանակվեց ս/թ. դեկտեմբերի 17-ին ժամը 15:30-ին:
«Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպության 3 աշխատակիցները՝ Գրիգոր Գևորգյանը, Արման Սահակյանը և Հովհաննես Մկրտչյանը, դատական հայցով դիմել են դատարան ընդդեմ «Իրավունք» թերթի, որը հրապարակել և հրատարակել էր «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հոդվածը: Կազմակերպության աշխատակիցները պահանջում են հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար և յուրաքանչյուրին փոխհատուցել 3 մլն դրամ:
Հիշեցնենք նաև, որ նույն հոդվածի առնչությամբ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը հոկտեմբերի 30-ին կայացած դատական նիստում վճռել է մերժել 16 քաղաքացիների հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի:
Կարդացեք նաև
Հավելենք, որ «Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպությունը ևս դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Իրավունք» թերթի՝ կազմակերպության գործունեությունը արատավորելու համար:
Մամուլի հաղորդագրություն