Վերջին շրջանում մայրաքաղաքում հաճախակի են դարձել ձևավոր նստարանների ու աղբամանների կոտրելու դեպքերը: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այդ մասին զեկուցել է Երևանի գլխավոր դիզայները: Հասարակական կարգի պահպանության ծառայությանը հանձնարարվել է ոստիկանության հետ համատեղ մշտական հսկողություն իրականացնել քաղաքային գույքի պահպանման ուղղությամբ և բացառել նման դեպքերը:
«Հարազատ քաղաքի բարեկարգ ու ներկայանալի տեսքի պահպանման գործում ոչ պակաս դերակատարում ունի նաև մեր բնակիչների հոգատար ու սրտացավ վերաբերմունքն իրենց բնակավայրի նկատմամբ: Եվ այն ամենն, ինչ արվում է այսօր Երևանում քաղաքապետարանի ծրագրերով, արվում է հենց քաղաքի բնակիչների հարմարավետության ապահովման համար: Ըստ այդմ՝ ակնկալում եմ, որ նման դեպքերում մեր սրտացավ համաքաղաքացիները ևս կունենան իրենց զսպիչ դերակատարումը՝ քաղաքային գույքը վնասողների նկատմամբ»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն