Այսօր ԱԺ-ում ԵՏՄ անդամակցության մասին խորհրդարանական լսումների ժամանակ ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին տվեց այն հարցը, որը ներառված էր 1991-ի հանրաքվեի քվեաթերթիկում՝ «համաձա՞յն եք, որ Հայաստանը լինի անկախ պետություն՝ ԽՍՀՄ կազմից դուրս»: Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Միշտ կողմնակից եմ եղել Հայաստանի անկախությանը»:
Ինտեգրացիա եւ զարգացում կենտրոնի ներկայացուցիչ Աշոտ Թավադյանը (լուսանկարում) իր ելույթում վստահեցրեց, որ ԵՏՄ անդամակցությունը բացի օգուտից, ոչ մի վնաս չի կարող տալ: Նա ասաց, որ իրենց կենտրոնը հաշվարկել է այն հնարավոր արդյունքները, որոնք կարող են լինել ԵՏՄ անդամակցությունից. «Մենք ՌԴ-ից ստանում ենք 100 տոկոս ատոմային էներգակիրներ, գազ: Մենք այստեղ ստանում ենք այնքան գումար, որը գերազանցում է մեր արտահանումը: Մեր անվտանգությունն ապահովում են այն ապրանքների առումով, որը ստանում ենք ՌԴ-ից: Մենք ոչ թե գտնվում ենք զրոյական մակարդակի վրա: Չինտեգրացման ժամանակ վտանգներ ունենք՝ մաքսատուրքերը, էներգակիրները կստանայինք 400 դոլարով՝ 180 դոլարի փոխարեն, 2 մլրդ դոլար կորուստ կունենայինք, տրասֆերտների կրճատում կունենայինք մոտ 100 մլն-ի՚: Ներդրումների առումով կորուստներ կլիներ: Մոտավորապես մոտ 3 մլրդ դոլարի կորուստ կունենայինք, եթե հաշվարկեինք դա: ԵՄ-ի էքսպերտներն են հաշվարկել, որ ԵՏՄ էֆեկտը կազմում է 146 մլն: Այստեղ խոսում եք միայն գների բարձրացման մասին, իսկ ինչո՞ւ չեք խոսում այն մասին, որ 250 մլն բյուջեում մուտք կունենանք: Գազի գնի էֆեկտը, որ 2 մլրդ է կազմում: Ժողովուրդն այդ էֆեկտը չի զգում իր վրա: Դրամավարկային քաղաքականությունը նայեք, վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այս ինտեգրացիոն գործընթացները պոտենցիալ հնարավորություններ են: Չպետք է նայել այն դժվարությունները, որոնք կան ՌԴ-ի առջեւ»:
«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը հակադարձեց Աշոտ Թավադյանին իր ելույթում՝ շուրջ 7000 անուն ապրանքներ թանկանալու են, միայն 750 ապրանքի թանկացումն է մի փոքր ուշանալու. «Թանկանալու են խոզի միսը, թռչնի միսը, կարագը, լոբին, բրինձը, ձավարը, բանջարեղենը, միրգը, թեյը, շաքարը, դեղերը, անձեռոցիկները, զուգարանի թուղթը, սպիտակեղենը, լվացքի փոշին, կահույքը, հեռուստացույցները, խաղալիքները, ավտոպահեստամասերը, տրակտորները, սերմացուն, պարարտանյութերը եւ այսպես 7000 անուն ապրանքատեսակներ, որոնցից միայն 750-նն է թանկանալու ուշացումով»:
Դանիել Իոաննիսյանը վստահեցրեց, որ ՌԴ արտադրության որակյալ ավտոմեքենա, կամ որակյալ սերմացու չկա. «Ի թիվս այլ մոնոպոլիաների, ավելանալու է Ռուսաստանի մոնոպոլիան՝ զենքի վաճառքի մասով: Տրակտորների դրույքաչափերը մեծանալու են, տուժելու է գյուղատնտեսությունը: Երաշխիք են պետք, որ մենք չենք վերածվի բռնապետության, իրենք արդեն հայտարարում են, որ իրավունք ունեն մեզ սովորեցնելու»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ