ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը չի կիսում իր կուսակից ընկերոջ այն կարծիքը, որ ԱԺ լիագումար նիստում ՀՀԿ խմբակցությունը միայնակ կվավերացնի Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմանագիրը: Հիշեցնենք, նման կարծիք այսօր հայտնել էր ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
«Մինչ այժմ հնչած որեւէ տեսակետի մեջ, բացառությամբ «Ժառանգության» մեկ-երկու անդամի, ես չեմ տեսել, որ որեւէ խորհրդարանական խմբակցություն, ընդհանուր առմամբ, դեմ լինի ԵՏՄ անդամակցությանը: ՀԱԿ-ում էլ, ՀՅԴ-ում էլ, ԲՀԿ-ում էլ, ՀՀԿ-ում էլ կան եւ «կողմ» եւ «դեմ» տեսակետներ: Խմբակցություններից որեւէ մեկն այս պահին իր դիրքորոշումը հստակ չի հայտնել: Այս պահին կանխատեսումների խնդիր էլ չկա, բոլորը պետք է ԵՏՄ-ին անդամակցությունը գնահատեն իր թույլ եւ ուժեղ կողմերով, նաեւ`համադրության մեջ»,- ասաց Հովհաննես Սահակյանը՝ ամենակարեւոր հարցը համարելով մեր պետության, պետականության ու ինքնիշխանության հարցերը: Այս առումով, վկայակոչելով նաեւ Սահմանադրական դատարանի որոշումը, նա որեւէ խնդիր չի տեսնում: Ամեն դեպքում, ըստ նրա, երկու շաբաթվա ընթացքում քաղաքական ուժերի դիրքորոշումներն առավել պարզ կդառնան:
Դիտարկմանը`հնարավոր չէ՞ զուտ քաղաքական դիվիդենդներ շահելու հեռանկարով ոչ իշխանական խմբակցությունները չմասնակցեն քվեարկությանը`ՀՀԿ-ին միայնակ թողնելով, մեր զրուցակիցն ասաց. «Եղել են դեպքեր, երբ ՀՀԿ-ն մենակ է եղել` երկրի համար բարդ եւ վճռորոշ հարցեր լուծելիս: Սա, չեմ ասի, ծանր պահ է: Վճռորոշ ու կարեւոր պատմական պահ է`ո՞ր ուղղությամբ գնալ: Մենք նաեւ տնտեսությունը զարգացնելու խնդիր ունենք: Դա էլ շատ կարեւոր է: Եթե մի փոքր աչքերներս ավելի բացենք ու մեր քթերից մի քիչ այն կողմ նայենք`տեսնենք ի՞նչ է կատարվում մեր շուրջը`Թուրքիա, Սիրիա, Իսլամական պետություն եւ այլն, ապա պարզ կլինի, որ մենք այսօր գերխնդիր ունենք նաեւ տնտեսական անվտանգության առումով»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ