Նոյեմբերի 26-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսոր Լուսինե Գեւորգյանի «Իմ Աստծուն փնտրելիս» հեղինակային, վավերագրական լայնամետրաժ ֆիլմի պրեմիերան։
Ֆիլմի հեղինակ Լուսինե Գեւորգյանն այսօր ֆիլմին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրեց ֆիլմի բովանդակությունը, որն ըստ նրա, մի յուրահատուկ աղոթք, երկխոսություն է հիշեցնում Աստծու, բնության եւ մարդու հետ։
Ֆիլմը նկարահանված է ճամփորդական նոթերի ոճով։ Նկարահանումները տեղի են ունեցել Երուսաղեմում, Բեթղեհեմում եւ Հայաստանի սրբավայրերում։
«Հեղինակը՝ այսինքն ես, վերցրել է իր փոքրիկ կամերան եւ շրջում է Երուսաղեմում։ Ես այնտեղ անցկացրեցի վեց տարի։ Բոլոր ընկերներս ինձ հարցնում էին՝ ինչպե՞ս եղավ, որ դու, այդքան ավանդապաշտ, միանգամից հայտնվեցիր եկեղեցում։ Արդյոք դա քեզ համար անտանելի չէ՞ր։ Շատ բարդ բաների միջով եմ ես անցել այնտեղ գտնվելու ընթացքում»,- ներկայացրեց հեղինակը։
Լուսինե Գեւորգյանի ներկայացմամբ՝ մարդ, երբ հիվանդ է, գնում է իր Աստծո մոտ աղոթելու. «Իհարկե, ես այդ ժամանակ չէի հասկանում, որ գնացել եմ ճիշտ տեղը։ Սակայն կարող եմ ասել, որ եկեղեցին յուրահատուկ հիվանդանոց է, այսինքն` մարդիկ գնում են այնտեղ բուժման համար»։
Հեղինակի խոսքով՝ ինքը ֆիլմում փորձել է մի քանի բան համադրել. «Սա ֆիլմ-աղոթք է, որի ընթացքում դու կարող ես լսել աղոթքները, թուլանալ։ Այն Ֆիլմ-հեքիաթ է, որտեղ կա իմ տպավորությունները, որ ես ստացել եմ ոչ միայն եկեղեցուց, այլեւ Երուսաղեմից։ Սա նաեւ ֆիլմ-երկխոսություն է՝ Աստծո հետ»։
Հեղինակը ֆիլմում փորձում է ապացուցել, որ Աստծո հետ կապն ապահովում է միայն եկեղեցին։ Նաեւ, ֆիլմը ներկայացնելիս, այսպիսի համեմատություն է անում. «Պետք չէ նստել մի Բենթլի եւ այնտեղ մնալ, ամեն տեղ էլ այդ Բենթլին կա։ Ես աղոթքի ու բժշկության կարիք ունեմ։ Մեզ շրջապատող աշխարհը կախարդական աշխարհ է, որը անհոգի մեքենայական քաղաքակրթության կողմից վերածվում է գորշ, գաղջ մի երեւույթի»։
Ֆիլմը ներկայացնում է քաղաքակիրթ մարդու մենախոսությունը, հոգու արձագանքը, ով կորցրել է կապը բնության եւ բնական տարերքների հետ եւ հիմա, Աստծո միջոցով փորձում է վերականգնել կյանքի իմաստը։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ