Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցին ինտելեկտուալ մրցույթի է հրավիրում

Նոյեմբեր 24,2014 14:41

Այսօր՝ նոյեմբերի 24-ին ժամը 18:30-ին Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի կունենա ինտելեկտուալ մրցույթ՝ Հայոց ցեղասպանության թեմայով, որը «Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի թվով 7-րդ միջոցառումն է: Այն նպատակ ունի Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերի, միջազգային իրավական ակտերի մասին տեղեկություններ փոխանցել երիտասարդներին ու պարզել վերջիններիս իրազեկման մակարդակը: Միջոցառմանը կմասնակցեն հասարակական կազմակերպություններից, բուհերի ուսանողական խորհուրդներից, ԱՀԹ երիտասարդաց միություններից, լրագրողներից կազմված թիմերը: Բացի բուն մրցույթից, թիմերին ու հանդիսատեսին հատուկ հարցեր կուղղեն ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Արարատյան հայրապետական թեմի երիտասարդական կառույցները «Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր ամսվա 24-ին Նավասարդ սրբազանի հոգևոր օրհնությամբ իրականացնում են տեղեկատվական բնույթ կրող միջոցառումներ:

Այսօր «Նոյյան Տապան» մամուլի ակումբում Արարատյան Հայրապետական Թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանն ու Հայրապետական Թեմի տեղեկատվական բաժնի թեմական ծրագրերի համակարգող Հասմիկ Միրզոյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրին սպասվելիք միջոցառումների մանրամասները:

«Մրցույթին մասնակցելու են 17 թիմեր: Դրանցից 13-ը Երևանի քաղաքապետարանին կից երիտասարդների հարցերով խորհրդի մեջ ընդգրկված կազմակերպությունների անդամներն են: Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ ամեն փուլում 12 հարց: Ընդհանուր 24 հարց կունենանք, որը նույնպես խորհրդանշական է: Ավելի քան 100 երիտասարդ այսօր մեկտեղվելու է՝ Ցեղասպանության շուրջ իրենց իմացածը ամրապնդելու և նոր գիտելիքներ ստանալու համար»,- ասաց Հասմիկ Միրզոյանը:

Ծրագրերը շարունակական են լինելու մինչև ապրիլի 24-ը: Դեկտեմբերի 24-ին մեծ թատրոն կլինի, որի փակագծերը կազմակերպիչները դեռևս չցանկացան բացել: Միայն նշեցին, որ այն դատական գործընթաց կներկայացնի ու կլինի «Մենք հիշում ենք ու պահանջում» խորագրով:

Տեր Պետրոսը նշեց, որ սկզբնական շրջանում մտավախություն ունեին, թե նման միջոցառումները միայն եկեղեցուն կից երիտասարդական ճյուղերին կհետաքրքրեն, բայց հաճելիորեն զարմացան՝ տեսնելով, թե ինչքան շատ երիտասարդներ են մասնակցում դրանց:

Այսօր էլ, մամուլի ասուլիսից հետո, Տեր Պետրոսը Ծիծեռնակաբերդում դպրոցականների հետ հանդիպում ունի. ինտելեկտուալ մրցույթի՝ մի փոքր ուշ ժամի պատճառով դպրոցականները խաղին ներկա գտնվել չեն կարող, հենց դրա համար էլ խնդրել են ավելի վաղ հանդիպել ավագ քահանայի հետ:

Տեր Պետրոսը նաև նշեց, որ երիտասարդներն իսկապես շատ ակտիվ են մասնակցում եկեղեցական միջոցառումներին. «Այս տարի Սուրբ Սարգսի տոնը հունվարի 31-ին է լինելու, և մեր երիտասարդներն արդեն իսկ սկսել են պատրաստվել տոնակատարությանը: Ի պատիվ մեր երիտասարդների, նրանք անդրադարձել են դեպի իրենց արմատները՝ հասկանալով, որ մեր տոներն ավելի հրաշալի են: Մեծ երթ ենք կազմակերպելու, տոնական համերգներ: Ոչ պակաս հաճույքով են պատրաստվում նաև Բարեկենդանին»,- ասաց քահանան:

Սյունե ՍԵՎԱԴԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930