Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ից դուրս գալու համար Հայաստանը կարող է դիմում գրել եւ վճարել 2 մլն դոլար

Նոյեմբեր 24,2014 14:26

Այսօր ԱԺ-ում ԵՏՄ անդամակցության մասին հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կառավարութան անդամներից հետաքրքրվեց «ՌԴ-ի տնտեսությունը, պուտինյան ՌԴ-ն մոտ է կոլապսի, կարող ենք ականատես լինել, որ ինչպես սովետական միությունը քանդվեց, այնպես էլ ՌԴ-ն կարող է քանդվել: ՌԴ-ում կան քաղաքական ուժեր, որոնք ՌԴ-ի ապագան տեսնում են Եվրոպական քաղաքակրթության մի մաս: Դուք ունե՞ք սցենարներ, որ ըստ կանխատեսումների՝ դա այնքան հեռու ապագայում չէ, կարող է տեղի ունենալ մեկ-երկու տարիների ընթացքում, ունե՞ք կանխատեսում, թե որն է ՀՀ եւ Արցախի ապագան եւ այս բլեֆը չիրականանա՝ որն է լինելու մեր ապագան: Դուք մերժեցիք Եվրոպայի հետ մեր ինտեգրումը, եւ մենք չունենք մեր առանձին օրակարգը՝ չունենալով Իրանի հետ ազատ տնտեսական առեւտրի գոտի, Վրաստանի հետ չունենալով ազատ տնտեսական առեւտրի գոտի: Ո՞րն է լինելու ձեր սցենարը»:

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ասում են՝ հոռետեսը ավելի տեղեկացված լավատես է: Այս դեպքում հակառակն է, ես ավելի տեղեկացված եմ, ավելի լավատես եմ: Այդ սցենարները ծայրահեղ սրման, բեւեռացման սցենարներ են: Ապագան դա չի: Կա ԵՄ՝ իր հսկայական շուկայով, կա ԵՏՄ: Հայաստանի քաղաքականությունն է համագործակցությունը, ոչ թե բեւեռացումը: Դա մեր շահերից է բխում ազգային անվտանգության: Ես լավատես եմ»:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչը հարցրեց՝ ԵՏՄ անդամակցության պայմանագրից դուրս գալու համար բավական է հայտարարությո՞ւնը, թե՞ պետք է համաձայնություն տան նաեւ մյուս երկրները:

Շավարշ Քոչարյանը պատասխանեց՝ եթե անդամ պետությունը դիմում է, պետք չի որեւէ համաձայնություն՝ դուրս գալու համար: 12 ամիս հետո նա արդեն անդամ չի՝ առանց որեւէ համաձայնության, իսկ այդ ընթացքում, եթե ունի ֆինանսական պարտավորություններ, պետք է մարի: Եթե 12 ամիս հետո էլ չի կարողանում ֆինանսական պարտավորությունները կատարել, անդամակցությունից հետո կարող է մարել: Այսինքն, անդամագրվել կարող են բոլորի համաձայնությամբ, իսկ դուրս գալու համար որեւէ պարտավորություն չկա»:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ հավելեց, որ դուրս գալու համար պետությունը պետք է վճարի 2 մլն դոլար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930