Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի
գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 23-ին ներկա է եղել «Հայաստան»
համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի 2014թ.
դրամահավաք-հեռախոսամարաթոնի (ֆոնետոն) փակման արարողությանը: ՀՀ ԱԺ նախագահին ուղեկցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Կարեն Ավագյանը, Արմեն Ռուստամյանը եւ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս
Թերզյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին ներկայացրել է
Ֆրանսիայի Հանրապետությունում ֆոնետոնի անցկացման պայմանները եւ այս տարվա
արդյունքները` նշելով, որ չնայած Ֆրանսիայում տիրող տնտեսական ճգնաժամին՝
ֆրանսահայերի շրջանում Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի
նկատմամբ նկատվում է տարեցտարի աճող հետաքրքրություն: Նշվել է, որ այս տարի
Ֆրանսիայի հայերը մեծ ուշադրություն են ցուցաբերել սիրիահայերին վերաբերող
ծրագրերին եւ նախաձեռնություններին:
Միջոցառմանը ՀՀ ԱԺ պատվիրակության հետ միասին մասնակցել են Ֆրանսիայի
Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ֆիլիպ Կալտենբախը, ֆրանսիացի պատգամավորներ Պատրիկ Դեվեջյանը, Ժան-Մարկ Ժերմենը եւ Ժան-Իվ լը Բուիյոնեկը: Ֆոնետոնի փակման արարողությանը ներկա են եղել նաեւ ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչներ եւ հարյուրավոր ֆրանսահայեր:
Աշխատանքային այցի շրջանակներում՝ նոյեմբերի 23-26-ն ընկած
ժամանակահատվածում, ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի եւ Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն