Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյան. «Ո՞րն է ԵՏՄ պայմանագրի թույլ կողմը»

Նոյեմբեր 24,2014 13:48

Այսօր ԵՏՄ անդամակցության համաձայնագրի ստորագրման հետ կապված ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպել էին խորհրդարանական լսումներ:

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը կառավարության անդամներին, որոնք ներկայացնում էին պայմանագրի դրական ու բացասական կողմերը՝ հարց ուղղեց: Նա ասաց, որ չի ուզում քննարկել այս պայմանագրի սահմանադրականության հարցը, բայց կառավարության անդամների բացատրություններից ոչինչ պարզ չդարձավ. «Քննարկեցինք, թե պայմանագիրը քանի էջից է բաղկացած, բայց մենք չլսեցինք, թե ինչ է տալու ՀՀ-ին այս պայմանագիրը եւ ինչից է զրկելու: Կուզենայինք լսել, թե որ ապրանքատեսակների թանկացում է սպասվում, հստակ նշեք: Ցանկացած պայմանագիր ունի իր ուժեղ եւ թույլ կողմերը, խնդրում եմ նշեք թե որն է թույլ կողմը, զարմանալի կլինի, որ չունենա թույլ կողմ եւ որն է ուժեղ կողմը»:

Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը պատասխանեց, որ 750 ապրանքների հիմնական մասի համար բացառությունը 5 տարով է՝ ժամկետի երկարաձգմամբ: Շատ քիչ մասն է, որ 5 տարուց պակաս է գործելու. «Միանշանակ ասել, որ 5 տարի հետո այդ ապրանքները կթանկանան, կամ 8 տարի հետո՝ վաղ է: Ընթացքում կերեւա: Ակնկալում ենք, որ որոշակի մաքսատուրքերի նվազեցում տեղի կունենա, դրա համար հիմա կոնկրետ չեմ կարող ասել, թե որ ապրանքը կթանկանա: Հիմնականում այդ ռիսկերը փորձել ենք նվազեցնել մեր տնտեսվարողի համար: Զուտ ապրանքի սերտիֆիկացման տեղաշարժի համար մենք առանց որեւէ խոչընդոտի հնարավորություն ունենք ապահովել: ԵՏՄ-ում գործում է 34 տեխնիկական կանոնակարգ, որոնց ուսումնասիրությունը ցույց է տալիս,որ պահանջներն ավելի խիստ են, քան ՀՀ-ում է, հետեւաբար մենք լուրջ աշխատանք ունենք անելու լաբորատորիաների վերազինման ուղղությամբ»:

ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը հարցրեց՝ ուկրաինական դեպքերից հետո ՌԴ-ն ենթարկվում է պատժամիջոցների եւ այժմ ՀՀ-ն պատրաստվում է անդամակցել ԵՏՄ-ին, հաշվարկե՞լ եք, թե դա ինչ խնդիրներ կստեղծի մեզ համար: Եվ ինչպե՞ս կարող է ՀՀ-ն անդամակցել մի տնտեսական կառույցի, որի անդամները զենք են վաճառում եւ զինում են մեր հակառակորդին:

Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ ՌԴ-ի առեւտրատնտեսական ներուժը շատ մեծ է, եւ եթե նույնիսկ պատկերացնենք, որ այն անկում է ապրում, միեւնույն է, Ռուսաստանը հզոր դաշնակից է: Ինչ վերաբերում է զենքի վաճառքին՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ «ՀԱՊԿ-ի անդամ ենք մենք, եւ այդ հարցերը ԵՏՄ հարթակում չէ, որ պետք է քննարկվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930