Լրահոս
Օրվա լրահոսը

Սուքիաս Ավետիսյան. «ՀՀԿ-ն միայնակ կվավերացնի ԵՏՄ անդամակցության պայմանագիրը» (Տեսանյութ) 

Նոյեմբեր 24,2014 13:45

ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ամբողջությամբ ուսումնասիրել է Հայաստանի`Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագիրը եւ եկել է այն համոզման, որ Հայաստանը շահեկան վիճակում ստորագրեց այդ պայմանագիրը:

Իշխող կուսակցության ներկայացուցիչը, իհարկե, առաջնային դիրքերում է դիտարկում եւ պետական անվտանգության եւ տնտեսական ապահովության հարցերը: Նա կարծում է, որ եվրասիական շուկան Հայաստանին առավել մեծ հնարավորություններ է տալիս, քան եվրոպական: Մսամթերքի շուկայում վերջին թանկացումները, որոնք պայմանավորված էին նաեւ արտահանման ծավալների արտահանմամբ, պատգամավորը ողբերգություն չի համարում: «Ավելի լավ է արտահանման ծավալներն արտահանելով կարողանանք աշխատավարձ եւ թոշակ բարձրացնել, թեկուզ ներքին շուկայում որոշակի թանկացումներ արձանագրելով, քան խուսափենք արտահանման աշխուժացումից»,- ասաց նա:

ԵՏՄ անդամակցության դրական եւ բացասական ազդեցությունները գնահատելու համար, Սուքիաս Ավետիսյանն առաջարկում է սպասել մեկ տարի:

Այլ մանրամասները` տեսանյութում

ԵՏՄ պայմանագրի հակասահմանադրականության հարցը բացի ՍԴ-ից, ըստ իշխանական պատգամավորի, որեւէ մեկն իրավունք չունի գնահատելու, քանզի դա կլինի սուբյեկտիվ: ՍԴ-ն ինչպես հայտնի է, տվել է իր դրական գնահատականը: Թե ի՞նչ պատկեր կունենա համաձայնագրի քվեարկությունը, ՀՀԿ-ական պատգամավորը սեփական տեսլականն ունի. «Եթե չլինեին մեր ոչ իշխանական խմբակցությունների վերջին մեկ տարվա քաղաքական դեգերումները, ԱԺ-ում ԵՏՄ համաձայնագիրը ձայների մեծամասնությամբ կքվեարկվեր: Բայց քանի որ եռյակ-քառյակը միայն իշխանություն վերցնելու գործին է լծվել, կարծում եմ՝ ՀՀԿ-ն միայնակ կվավերացնի ԵՏՄ անդամակցության պայմանագիրը»:

Սուքիաս Ավետիսյանը նման եզրահանգման է եկել նաեւ վերջին քառօրյայի քվեարկություններից, երբ ոչ իշխանական ուժերը պարզապես չմասնակցեցին որոշ հարցերի քվեարկություններին:

Aravot.am-ի դիտարկմանը, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն առավել ջերմեռանդորեն պաշտպանեց ԵՏՄ-ին, քան դա անում են իշխանության ներկայացուցիչները, իշխանական պատգամավորը հակադարձեց. «Մի քիչ քիչ եմ հավատում. մինչ այդ էլ ջերմեռանդորեն քարկոծում էին, երբ հանրապետության նախագահն ասաց, որ գնում ենք ԵՏՄ: Քվեարկության ժամանակ դիրքորոշումները հնարավոր է փոխվեն»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը`կապված ՌԴ-ի նկատմամբ արեւմուտքի պատժամիջոցներին, ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձեց, որ Արեւմուտքը սկզբում կոշտ արձագանքեց, բայց հետո հասկացան եւ իրենք էլ սկսեցին մեզ հետ համագործակցելու տարբերակներ գտնել:

Ինչ վերաբերվում է այլ դիրքորոշում ունեցող հարեւան երկրների հետ համագործակցությանը, բանախոսը նկատեց, որ Վրաստանը շատ քիչ դեպքերում է, որպես հարեւան պետություն հադես գալիս: Ավելին, իրենց մոտ քաղաքական վայրիվերումները եւ փոփոխություններն անընդհատ բերում են պայմանավորվածությունների խախտման: «Վրաստանի հետ մեր շուկան մեծ չէ, հիմնականում տրանզիտի խնդիր ունենք, որին առնչվեցինք 2008-ի օգոստոսին: Վրաստանի հետ մեր խնդիրը դա է: Ամեն դեպքում պետք է հարաբերությունները նորմալ կառուցել»,- ասաց նա:

Իրանի հետ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը նույնպես տնտեսապես չի առնչվում, ուստի իշխանական պատգամավորն այս առիթով էլ անհանգստանալու ոչինչ չի տեսնում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930