«Ինչու մեզ հաջողվեց հարաբերական կարճ ժամանակահատվածում հասնել արդյունքի: Դրա համար 22 աշխատանքային խումբ է աշխատել, լավագույն մասնագետներ, որոնք շաբաթ չկար, որ չհավաքվեին կառավարությունում եւ չխոսեին ԵՏՄ անդամակցության մասին: Այդ ժամանակահատվածում այդքան բան համաձայնեցնելը շատ լավ պատկերացնում եք: Եթե լիներ ոչ կառուցողական մոտեցում, միշտ էլ կարելի էր միայն մի ապրանքանշանի մասին խոսելով՝ անվերջ քննարկել: Մեր երեք գործընկերներն էլ եղել են կոնստրուկտիվ՝ ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը»,- այսօր ԵՏՄ անդամակցության համաձայնագրի ստորագրման հետ կապված ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպած խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Շավարշ Քոչարյանը բացատրեց, որ մենք միանում ենք ԵՏՄ-ի պայմանագրին, ոչ թե բուն միությանը. «Եթե մենք ասեինք, որ միանում ենք բուն միությանը, կասեին՝ սպասեք, դեռ միությունը գոյություն չունի, մենք ձեւակերպեցինք, որ միանում ենք պայմանագրին»:
Փոխարտգործնախարարը վստահեցնում էր, որ Հայաստանը խիստ շահեկան պայմաններով է համագործակցում ԵՏՄ-ի հետ. «Իրանի հետ ունենք որոշակի արտոնյալ պայմաններ՝ կապված ապրանքատնտեսական հարաբերությունների հետ եւ մեզ հաջողվեց ֆիքսել, որ այն պայմանագրերը, որոնք մենք ստորագրել ենք մինչեւ 2011-ի հունվարի 1-ը, դրանք շարունակեն գործել: Մենք ամեն ինչ արել ենք, որ ԵՏՄ-ին անդամակցումը չվտանգի մեր հարաբերությունները Իրանի եւ Վրաստանի հետ: Հաշվի առնելով արտոնությունների, բացառումների մեծ ծավալը, մեր գործընկերներն առաջարկում էին, որ մինչեւ 2016-ի փետրվարի 10-ը մենք ընդամենը լինեինք դիտորդի կարգավիճակում: Կա Եվրասիական բարձրագույն խորհուրդ,կա հանձնաժողով, հանձնաժողովի նախագահ: Այդտեղ ամեն երկիր ներկայացված է մեկ անդամով, որոշումները կայացվում են ձայների 1/3-րդով: Մեզ առաջարկում են, որ այդ օրերին մենք լինենք ընդամենը դիտորդ, որովհետեւ այսօրվա նշանակված կոլեգիայի անդամները՝ նախարարները, նրանց պաշտոնավարման ժամկետը լրանում է 2016-ի փետրվարի 10-ին: Իրենք ասում էին, որ իրենց մոտ կարգ է, նշանակվում են՝ չեն հեռացվում մինչեւ ժամկետի ավարտը: ԵՏՄ-ում հասանք նրան, որ ունենալու ենք մենք 3 անդամ, բայց այդ երեք անդամն ունենալու են 1 ձայն: ՀՀ անդամակցությունից հետո ընդհանուրը 10 ձայն է դառնում, որոշումը կայացվում է 7-ով: Երկու պետություններ չեն կարող առանց Հայաստանի որոշում կայացնել: Բանակցային գործընթացում մենք սրան ենք հասել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ