Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր ժողովրդի, քաղաքական ուժերի մի հատվածն ահավոր նախանձ է»

Նոյեմբեր 24,2014 16:00

Ըստ Լյուդմիլա Սարգսյանի՝ որոշ մարդիկ եռյակին նախանձում են,
իրենք էլ չեն կարողանում ոչինչ անել

Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան վերջին հանդիպման լուրը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց: Դրանից հետո եղավ ԲՀԿ-ի որոշումը, որ ակտիվ քաղաքական գործողություններն անորոշ ժամանակով հետաձգում են, եւ որ հանրահավաքային պայքարի ժամանակը չէ, դրա համար պետք է լուրջ թիկունք ունենալ: Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը խորհուրդ տվեց չկապել հանրահավաքներ չանելու որոշումը այդ հնարավոր հանդիպման հետ: Նրա խոսքերով՝ «Ես հանդիպման մասին տեղյակ չեմ: Ավելին՝ ԲՀԿ-ն պաշտոնական ոչ մի հայտարարություն չի արել: Ես հակված եմ մտածելու, որ եթե չկա պաշտոնական տեղեկություն, ուրեմն հանդիպում չի եղել: Չեմ բացառում նաեւ, որ կարող է եղած լինել, չէ՞ որ երկուսն էլ անվտանգության խորհրդի անդամներ են: Իսկ հիմա վիճակը ծայրահեղ լուրջ է, չի բացառվում, որ այդ թեմայով կարող է եւ հանդիպած լինեն, բայց ես այդ փաստի մասին տեղյակ չեմ»:

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ասել էր, որ Գագիկ Ծառուկյանը հայրենասեր մարդ է, դրա համար է հրաժարվել հանրահավաքներից, քանի որ այս պահին արտաքին լուրջ վտանգներ կան մեր երկրի առջեւ, իսկ ցնցումներ պետք չեն: Լյուդմիլա Սարգսյանը չհամաձայնեց. «Ես շատ հարգում եմ Ազատ Արշակյանին, բայց իր մոտեցումները երբեւիցե չեմ կիսել: Իմ հայրենասիրության, Լեւոն Տեր-Պետրոսյանի հայրենասիրության վրա երբեւիցե կարելի է չկասկածել: Եթե դու ուզում ես երկիրը փրկել, ուրեմն պիտի կարողանաս երկրում կայուն իրավիճակ ստեղծել, ներդաշնակ իրավիճակ ապահովել: Տվյալ դեպքում չկա ներդաշնակություն, չկա կայունություն: Արտաքին վտանգը կա, բայց դա պիտի գիտակցի ոչ միայն ընդդիմությունը, այլ նաեւ իշխանությունը»:

Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ շատերն ուզում են պարզապես վնասել շարժմանը՝ նախանձից. «Ինձ մոտ տպավորություն կա, որ մեր ժողովրդի, քաղաքական ուժերի մի հատվածն ահավոր նախանձ է: Այ մարդ, ներքաշվեք գործընթացի մեջ, ինչի՞ եք նախանձում, կամ էլ դուք իշխանության կողմից ներդրված մարդիկ եք, որ հարվածեք: Լավ, եկեք դուք մի բան արեք, արեք, ո՞վ է դեմ: Եթե իրենք չեն կարողանում, ոչ մեկը ոչինչ չպիտի՞ անի: Իսկ իրենք գո՞հ են երկրի այս վիճակից, ախր, տրամաբանություն պիտի լինի»:

Անդրադառնալով եռյակի ուժերի հետ խորհրդարանական համագործակցությանը՝ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ կառավարության բերած երկու օրինագծերի քվեարկության տապալումը իրենց կողմից նախապես հաշվարկված քայլ էր. «Բնականաբար, մենք արդեն նայում ենք, թե դահլիճում ինչ վիճակ է: Դա առաջին փորձը չի, որ մենք փորձում ենք մեզ համար ոչ ցանկալի օրինագծերի ընդունումը տապալել: Միշտ չի, որ դա ստացվում է, բայց այդ փորձից մենք հետ չենք կանգնելու: Եթե նկատել եք, իրավիճակ է փոխվել ԱԺ նիստում: 1-2 ձայնի միջոցով են նրանք օրինագծերն անցկացնում:

Դրա համար, երբ նպատակահարմար ենք տեսնում, երբ հնարավորություն ենք տեսնում, չենք քվեարկում, օրինագիծը չի անցնում: Թող հաշիվ տան իրենց, որ պետք է հաշվի նստել բոլոր քաղաքական ուժերի հետ, որովհետեւ նրանցից ամեն մեկը ժողովրդի մի հատվածն է ներկայացնում: Միշտ չի, որ դա լավագույններն են՝ իհարկե, բայց մեր մեջ լավերն էլ կան»:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Մի-24 հայկական ուղղաթիռի խոցման հետ կապված տեսակետներ են հնչում, որ այդտեղ «ռուսի մատը խառն էր», որովհետեւ ռուսական արտադրության հրթիռով է խոցվել մեր ուղղաթիռը: Երեկ հրավիրած ասուլիսում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես ընդգծեց այդ հանգամանքը. «Ռուսական կոդերը՝ ծածկագրերը, երկկողմանի կարող են բացվել:

Ակնհայտ է, որ հայկական ուղղաթիռը խոցվեց Ադրբեջանի՝ թշնամի պետության կողմից ռուսական հրթիռով, իսկ կոդերը մեր աշխարհում միակողմանի չեն բացվում»:
Լյուդմիլա Սարգսյանը հակադարձեց Րաֆֆի Հովհաննիսյանին. «Գուրգեն Եղիազարյանը մի բան ասաց: Ասաց՝ եթե ամերիկյան հրթիռով խփված լիներ մեր ուղղաթիռը, ավելի՞ լավ էր: Ես կիսում եմ իր տեսակետը: Կներեք, այդ նույն հրթիռները մենք էլ ունենք: Վաղը որ խփենք, մենք էլ ենք այդ նույն ռուսական հրթիռներով խփելու: Այստեղ կարեւոր չի, թե ում հրթիռով է խփվել: Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ Եվրոպան մեզ համար ավելի մեծ հեռանկարնե՞ր էր ապահովելու: Այդ ի՞նչ շուկա, ի՞նչ արտադրանք ունեինք, որ կարող էինք սպառել Եվրոպայում եւ ո՞ր սահմաններով»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Մի*թե նախանձն ու դավաճանությունը գենետիկ հիվանդություններ չեն:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930