Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուս-վրացական պատերազմն էթնիկ խնդիրները խորացրել է

Նոյեմբեր 24,2014 15:30

Արեւելյան գործընկերության ծրագրերը շարունակվում են

Բելառուսում եւ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների համար սահմանափակումները բավական մեծ են: Այդ երկրներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հաճախ կապված են կառավարությունների հետ: Սրանք ուսումնասիրությունների արդյունքներն են, որոնք իրականացրել է Արեւելյան գործընկերության փոքրամասնությունների ցանցը:

2011 թվականին հինգ կազմակերպություններ` Փոքրամասնությունների իրավունքների միջազգային կազմակերպությունը եւ չորս տարածաշրջանային կազմակերպություններ` Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Արեւելյան գործընկերության շրջանակներում սկսեցին իրականացնել մի ծրագիր, որի նպատակն էր զբաղվել ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ: Ծրագրի իրականացումը հիմնված էր նախկինում տարածաշրջանում իրականացված հետազոտությունների վրա:

Անցումային փուլում գտնվող կամ, ինչպես ընդունված է ասել, նոր ժողովրդավարության փուլում գտնվող Արեւելյան գործընկերության երկրներում շատ կարեւոր է, որ հասարակության ձայնը լսելի լինի: Հասարակություն, որի մասն են նաեւ ազգային փոքրամասնությունների խմբերը: Ծրագրի նպատակն է վերջիններիս ակտիվ մասնակիցը դարձնել տվյալ երկրում քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացներին եւ ակտիվորեն ներգրավել նրանց տարբեր ծրագրերում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ազգային փոքրամասնության հասարակություններն ավելի սահմանափակ հնարավորություններ ունեն աշխատելու, իրենց ունակություններն այս կամ այն ասպարեզում դրսեւորելու համար: Ծրագրի նպատակն է ուժեղացնել այդ կազմակերպությունները եւ միջազգային տարբեր կառույցների հետ սերտ համագործակցությամբ ներգրավել քաղաքացիական հասարակության կայացման գործին: 2013 թվականին հինգ հիմնադիր կազմակերպությունները ստացան ԵՄ-ի աջակցությունը` ծրագիրը երեք տարով զարգացնելու համար: Ազգային փոքրամասնությունների իրավունքների խմբի եվրոպական գրասենյակի տնօրեն Նիլ Կլարկն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Թբիլիսիում արդեն օրերս պաշտոնապես բացվել է ցանցը: Շուտով կգործի նաեւ կայքը: Ցանցում ներգրավված են 80 անդամներ, 10-ը Հայաստանից են:

Մյուս տարի ակնկալվում է, որ ցանցում կլինի 200 անդամ: «Մեր նպատակն է ուժեղացնել մարդու իրավունքները փոքրամասնությունների համար, ստեղծել ավելի ուժեղ փոքրամասնությունների համայնք ազգային մակարդակում` ազգային փոքրամասնություններ-կառավարություն հարթությունում: Ապա այդ կապը տեղափոխել նաեւ միջազգային մակարդակ: Ստեղծել կայուն քաղաքացիական հասարակություն` փոքրամասնությունների համայնքների ու կազմակերպությունների հետ, առաջ տանել այդ կազմակերպությունները հանրային սեկտորում»,- պարզաբանեց մեր զրուցակիցը:
Նախկինում կատարված ուսումնասիրությունների արդյունքներով իրավիճակն ըստ երկրների շատ տարբեր է: Տարբերությունն առկա է նաեւ իրավական համակարգում եւ իրական կյանքում: Վրաստանում իրավական համակարգը շատ լայն է ու շատ խորը գործընթաց կա, օրինակ՝ ազգային փոքրամասնությունների խմբերի հետ տարբեր կոնսուլտացիաների համար: Բայց 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից ու լարվածությունից հետո այնտեղ էթնիկ ոլորտում բավականին շատ խնդիրներ են տեսանելի, այդ թվում նաեւ՝ ազգային փոքրամասնություններին ինքնավարություն շնորհելու հարցում: Փոքրամասնությունները շատ հաճախ բախվում են նաեւ խոսելու սահմանափակումների հետ: «Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ իրական կյանքը իրավական համակարգից շատ տարբեր է»,- եզրակացնում է Նիլ Կլարկը:

Հայաստանում իրավական համակարգը շատ ավելի պարզ է ու շատ ավելի կոնկրետ: Բայց Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համար իրավունքները շատ ավելին են: Ուկրաինայում իրավական համակարգը բավականին թույլ է, եւ վերջին կոնֆլիկտային գործընթացների ֆոնին իրավիճակն ավելի է փոխվել: Նախկինում թեեւ իրավական հարթությունը թույլ էր, բայց ազգային փոքրամասնություններին խոսելու իրավունք տրվում էր: Այժմ սահմանափակումներն էական են:

«Առավոտի» հարցին` ինչպե՞ս պետք է ջանալ առավել լավ իրավիճակ ստեղծել տվյալ երկրներում ազգային փոքրամասնությունների համար, երբ ակնհայտ է, որ, ասենք, Ադրբեջանի եւ Բելառուսի կառավարությունները գոնե այս պահին պատրաստ չեն նման քայլերի, մեր զրուցակիցն արձագանքեց. «Այնպես չէ, որ Ադրբեջանի կամ Բելառուսի կառավարություններն ընդհանրապես չեն ցանկանում աջակցել ազգային փոքրամասնություններին: Պարզապես տվյալ պահին այդ իրավունքները սահմանափակ են: Փոփոխություններ իրականացնելը երկարատեւ գործընթաց է:

Սկզբի համար մենք փորձում ենք երկխոսություն ապահովել տվյալ երկրի կառավարության եւ ազգաին փոքրամասնությունների համայնքների միջեւ: Մեր նպատակն է ցույց տալ եւ հուշել, թե նման հնարավորությունները երբ ու ինչպես կարող են օգտագործվել: Այդ պատճառով մենք նաեւ միջազգային հարթակներն ենք օգտագործում: Երբ փոքրամասնության որեւէ ներկայացուցիչ ցանկանում է բարձրաձայնել իր խնդիրների մասին, կառավարությունն էլ մերժում է, նրանք կարող են միջազգային հարթակներ դիմել` ԵՄ, ՄԱԿ, ու երկխոսությունն ապահովվում է ուղղակի կամ անուղղակի կերպով: Դժվար է ասել, թե երեք տարի անց՝ ծրագրի ավարտից հետո ինչ փոփոխություններ կլինեն, բայց մենք հուսով ենք, որ դրանք, այնուհանդերձ, կլինեն»:

Հետաքրքրվեցինք` ցանցը որեւէ կերպ փորձե՞լ է դերակատարում ունենալ Հյուսիսային Իրաքում եզդիների ցեղասպանությունը կանխելու գործում: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Փոքրամասնությունների իրավունքների միջազգային կազմակերպություն գործում է նաեւ Իրաքում եւ Միջին Արեւելքում: Ցանցի հիմնադիր կազմակերպություններից մեկը, որը Վրաստանում է գործում, իրականացնում է ծրագրեր, որոնց միջոցով փորձում է օգնել եզդիներին եւ Վրաստանում, եւ եզդի փախստականներին: Անցած ամիս Վրաստանում կազմակերպվել է կոնֆերանս, որին մասնակցել է նաեւ Թուրքիայի պատվիրակությունը:

«Փորձեցինք ապահովել երկխոսություն փախստականների եւ ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների միջեւ»,- մանրամասնեց Նիլ Կլարկը` հավելելով, որ նման միջոցառումները շարունակական կլինեն: Ի դեպ, Հայաստանի եզդիների կազմակերպությունը ներկայացված է Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության պլատֆորմում: «Դա նշանակում է, որ փախստական եզդիներն ուղղակի ելք ու կապ կունենան ԵՄ-ի հետ: Իսկ ԵՄ-ն եզդի փախստականներին աջակցություն ցուցաբերող գլխավոր կազմակերպություններից է»,- նկատեց մեր զրուցակիցը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930