Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանը բարելավել է դիրքերը, Հայաստանը հետընթաց է արձանագրել

Նոյեմբեր 24,2014 15:00

Համաշխարհային տնտեսական ֆորումի (World economic forum) վերլուծական խումբը հրապարակել է երկրների կանանց եւ տղամարդկանց հնարավորությունների` սեռային խզվածության (The Global Gender Gap Index 2014) հերթական վարկանիշային աղյուսակը: Սեռային խզվածության աղյուսակը հրապարակվում է 2006 թվականից: Երկրները գնահատվում են 0-1 սանդղակով: Որքան երկրի վարկանիշը մոտ է 1-ին, այնքան այդ երկրում նվազ է սեռային խզվածությունը: Հայաստանը, ցավոք, գլուխ գովելու տեղ չունի: Սեռային խզվածության աղյուսակ կազմելիս նախաձեռնության հեղինակները ընտրել են տասնչորս չափանիշ չորս հիմնական ոլորտում` տնտեսական մասնակցություն եւ կարիերայի հնարավորություն, կրթություն, առողջություն, քաղաքական իրավունքներ եւ հնարավորություններ:

Հետազոտվել է մոտ 150 երկիր, սակայն մի մասը ցուցակում չեն ներառվել վիճակագրական տվյալների վստահելի եւ հավաստի չլինելու պատճառով: Եթե 2012 թվականին ցուցակում կար 135 երկիր, այս տարի` 142 երկիր: Ինչպես եւ կարելի էր սպասել, լավագույն արդյունքներ են արձանագրվել Հյուսիսային Եվրոպայի երկրներում` Իսլանդիա (0,8594), Ֆինլանդիա (0,8453), Նորվեգիա (0,8374), Շվեդիա (0,8165), Դանիա (0,8025) եւ այլն: Լավագույն տասնյակում չեն խոշոր տնտեսությամբ երկրները: Գերմանիան միայն 12-րդն է (0,7780), ԱՄՆ-ը 20-րդը (0,7463), Կանադան 19-րդը` (0,7464), Ֆրանսիան 16-րդը` (0,7588): Արդեն որերորդ տարին սեռային խզվածության առաջատար են դառնում Յեմենն ու Պակիստանը: Եթե 2012-ին Հայաստանը 0,664 միավորով 92-րդն էր, իսկ 2013-ին` 0,663 միավորով 94-րդը, ապա այս տարի ընդամենը 103-րդն է` 0,6622 միավորով: Վրաստանում վիճակը կայուն է` երկիրը 85-86-րդն է վերջին երեք տարում: Նույն հատվածում հետընթաց են արձանագրել Իրանն ու Թուրքիան, Ադրբեջանը սեռային խզվածության հարցում առաջադիմել է՝ 99-ից բարձրանալով 94-րդ տեղ: Եվրասիական տնտեսական միության ջատագով եւ դրոշակակիր Ռուսաստանում սեռային խզվածությունը խորացել է` 2012 թվականին Ռուսաստանը 59-րդն էր, 2014-ին` 75-րդը:

Ադրբեջանի այս առաջընթացը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը բացատրում է նրանով, որ մեր հարեւան երկրի իշխող կուսակցությունն այն ոլորտներում, որտեղ մարդու իրավունքների կամ այլ խիստ կարեւորություն չունեն, փորձում է արտաքին ժողովրդավարական շղարշ ապահովել: Մեր զրուցակիցն իբրեւ օրինակ բերում է այն, որ բավական մեծ թվով կանայք կան Ադրբեջանի խորհրդարանում, որոնք, սակայն, ակտիվորեն ներգրավված չեն պառլամենտական աշխատանքում: Ադրբեջանցի կանայք ներգրավված են եւ եվրոպական պառմալենտական խմբերում, ներկայացված են տարբեր եվրոպական հարթակներում, բայց նրանց ակտիվ աշխատանքը տեսանելի չէ: «Իրական ժողովրդավարական մի շարք հարցերում Ադրբեջանը նահանջ է արձանագրում օր օրի, եւ դա բոլոր միջազգային կառույցներն են փաստում: Խոսքը մամուլի, խոսքի ազատության, մարդու իրավունքների եւ այն ոլորտներին է վերաբերում, որտեղ աննախադեպ բռնություններ ու ճնշումներ են գործադրվում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր պետական գծից տարբերվող գոնե շատ թեթեւ կարծիք կարտահայտեն: Իսկ որ ոլորտում ձեւական ներկայության նշում է պետք անել, իրենք «պսեւդո» ներկայություն են ապահովում»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Դիտարկմանը` անկախ տարբեր գնահատականներից՝ Հայաստանում կա՞ սեռային խզվածության խնդիր, մեր զրուցակիցն ասաց, որ իր գնահատմամբ՝ հայ հասարակությունն ավելի պատրիարխալ բնույթի է, եւ, բնականաբար, տարիների ընթացքում եղել է սեռային խզվածությունը, որը միանգամից չէր կարող վերանալ: Սակայն, ըստ պատգամավորի, ժամանակի ընթացքում տարբեր քաղաքական ուժեր փորձում են մեծացնել կանանց դերը: Այդ իմաստով որոշակի դերակատարում ունի նաեւ, այսպես ասած, պոզիտիվ դիսկրիմինացիան, այն առումով, որ միջազգային չափանիշների հիման վրա ընդունվում են օրենքներ, որոնք ապահովում են կանանց ներկայացվածությունը նաեւ միջազգային կառույցներում: «Այլ հարց է քաղաքական կամքի առկայությունը եւ դրա կիրառությունը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Այս առումով, փաստ է, նույն 2012-ի ընտրություններին քաղաքական կամք կար, եւ բավական մեծ թվով կանայք եկան խորհրդարան` եւ իշխող կուսակցությունից, եւ ընդդիմության դաշտում: Այնուհանդերձ, սեռային խզվածությունը դեռեւս բավական բարձր մակարդակ ունի: Բայց ես նաեւ կարծում եմ, որ կանանց ներգրավվածության մակարդակը նաեւ որոշակիորեն բնական պետք է լինի` հիմնված պրոֆեսիոնալիզմի եւ աշխատանքի վրա, ոչ թե միայն սեռով պայմանավորված»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Հետաքրքիր տրամաբանութիւն էր: Gap index են կազմել: Թւում է, թէ ինչքան արժէքը մեծ լինի, այնքան gap-ը մեծ է (այսինքն՝ աւելի խտրական երկիր է): Իսկ կազմողների մօտ հակառակն է 🙂

    Ինչեւէ, ԵՄԵՆ է գրւում (ոչ թէ Յեմեն)

    Սիրելի, Արփինէ Յովհաննիսեան,

    պառլամենտական – խորհրդարանական
    պսեւդո – կեղծ
    պատրիարխալ – նահապետական
    պոզիտիվ դիսկրիմինացիա – «դրական» խտրականութիւն
    պրոֆեսիոնալիզմ – արհեստավարժութիւն

    Յ.Գ. Որպէս պատգամաւոր, գոնէ Դո՛ւք աւելի բծախնդիր եղէք հայերէնի հարցում:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930