Լրահոս
Օրվա լրահոսը

Զդիսլավ Ռաչինսկի. «Լեհաստանը ջատագովն է, որ Հայաստանը եւ ԵՄ-ն սերտ համագործակցեն»

Նոյեմբեր 24,2014 12:24

«Որակական փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանի եւ Լեհաստանի հարաբերություններում»,- այսօր՝ նոյեմբերի 24-ին, «Մամուլի ազգային ակումբում» իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ կազմակերպված ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

Նրա խոսքերով՝ վերջին տարիների ընթացքում Լեհաստանն է եղել այն երկիրը, որի հետ Հայաստանը ակտիվ եւ ինտենսիվ հարաբերություններ է ունեցել. «Այս վերջին հինգ տարիների ընթացքում Լեհաստանը Հայաստանի համար ավելի ընկալելի եւ պարզ դարձավ: Կարեւոր հարցերում մեր ունեցած դիրքորոշման նկատմամբ հայերն ավելի հստակ ըմբռնում ունեցան»:

Անդրադառնալով Հայաստանի եւ Եվրամիության հարաբերություններին՝ դեսպանը նշեց, որ այդ մասին պետք է զգույշ խոսել. «Այս հինգ տարիների ընթացքում ես հույս ունեի, որ Հայաստանը կդառնա Եվրամիությանը ասոցացված երկիր: Այդ երկխոսությունը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ շարունակվում է, պարզապես պետք է գտնել համագործակցության եւ երկխոսության նոր ձեւեր: Իմ երկիրը ջատագովն է, որ Հայաստանը եւ ԵՄ-ն սերտ համագործակցեն, Լեհաստանը Արեւելյան գործընկերության շարժիչներից է եղել: Ես համոզված եմ, որ Եվրոպական նոր հանձնաժողովը եւ ԵՄ նորանշանակ նախագահը՝ Լեհաստանի նախկին վարչապետը, որը հաջորդ շաբաթ կստանձնի իր պարտականությունները, կաշխատեն այն ուղղությամբ, որ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները լինեն արտոնյալ եւ բարձր մակարդակի վրա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930